Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն հանդիպել է հանրապետության մի շարք կարտոֆիլագործների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:«Կարտոֆիլագործությունը մեզ համար կարևոր ճյուղ է, այն եկամտաբեր է, ունենք այս գործում հմտացած արտադրողներ, և մենք էլ մեր հերթին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հայկական կարտոֆիլի մրցունակությունը», – նշել է Իգնատի Առաքելյանը կարտոֆիլագործների հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ հայ-հոլանդական «Ագրիկոե ընկերության հետ համատեղ Գյումրիի սելեկցիոն կայանում իրականացվում են աշխատանքներ տեղական սերմնաբուծության զարգացման նպատակով: Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ կարտոֆիլի տնկանյութի սորտափորձարկման աշխատանքները կտևեն մի քանի տարի, որից հետո հնարավոր կլինի պատասխանել հարցին` արդյոք հնարավոր է տեղում սերմնաբուծություն զարգացնել և արտադրողներին ապահովել կարտոֆիլի տեղական տնկանյութով:
Կարտոֆիլագործներն առաջարկել են աջակցություն ցուցաբերել անձրևային ոռոգման համակարգի ներդրման և նորագույն գյուղտեխնիկա ձեռք բերելու հարցում` կարևորելով այդ երկու գործոնների ազդեցությունն արտադրանքի ինքնարժեքի ձևավորման մեջ:
Նախարարը նշել է, որ քայլեր կձեռնարկվեն կաթիլային համակարգի ներդրման սուբսիդավորման պետական աջակցության ծրագիրն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի տնտեսավարողները ցածր տոկոսադրույքով վարկեր կարողանան ստանալ նաև այդ համակարգը ներդնելու համար: Բացի այդ նշվել է, որ կարող են ժամանակակից գյուղտեխնիկա ձեռք բերել պետական աջակցության լիզինգի ծրագրի շրջանակում, ինչպես նաև օգտվել մեքենատրակտորային կայանի ծառայություններից, որը կստեղծվի առաջիկայում:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |