Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում սպառողական վարկերի տոկոսադրույքների կրճատումը հիմնականում պայմանավորված էր հաճախորդների հետ աշխատանքի մոդելի փոփոխությամբ: Այս մասին փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինը, ով նույն օրը բանկի Խորհրդի կողմից նշանակվել է Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնում և պաշտոնավարումը կսկսի փետրվարի 24-ից:
«Այսօր մենք կենտրոնանում ենք «Գործի մարդիկ» համալիր ծրագրի վրա, բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների համար, ինչը շատ դրական ազդեցություն է ունեցել ռիսկի պարամետրերի վրա, որոնք զգալիորեն նվազել են: Բնականաբար, դա կհանգեցնի վարկավորման տոկոսադրույքի նվազմանը», - բացատրել է նա: Ի.Տալեգինի խոսքերով, այսօր ֆիզիկական անձանց հետ կնքված վարկային գործարքների մոտ 65% -ը կատարվում է այս հատվածում: «Հետևաբար, ընդհանուր տոկոսադրույքը, եթե վերցնենք ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման միջին տոկոսադրույքը նվազում է, բայց դրանց նկատմամբ ախորժակը բավականին մեղմ է», - ընդգծել է նա: Այս առումով նա նշել է, որ սպառողական վարկերի համար տոկոսադրույքները 2017-ին նվազել են 3-5%:
Խոսելով ընթացիկ տարում տոկոսադրույքների հետ կապված իրավիճակի մասին, Տելեգինը նշել է, որ 2018-ին տոկոսադրույքների նվազեցում չի նախատեսվում: «Իհարկե, մենք կհետևենք տնտեսական իրավիճակին, շուկային, ռիսկի ցուցանիշներին, և այդ ամենը կազդի տոկոսադրույքի վրա: Կարծում եմ, որ տոկոսադրույքները հարմարավետ կլինեն հաճախորդների համար», - եզրափակել է նա:
Նշենք, որ բանկը վաղուց արդեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի բանկային համակարգի մանրածախ շուկայում: 2017 թվականին բանկն այդ բլոկի պլանը գերակատարել է 6 անգամ, ապահովելով 10 մլրդ.դրամի գործառնական շահույթ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ակտիվները կազմել են
216.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները`171.5 մլրդ դրամ, մանրածախ վարկավորումը` 90.4 մլրդ դրամ: Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 175.4 մլրդ.դրամ, որոնց կառուցվածքում 56,4% կազմել են ժամկետային ավանդները - 98.9 մլրդ դրամ, որից 85.6 մլրդ դրամը կազմում են ֆիզիկական անձանց միջոցները: (2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-