Արմինֆո. Մոսկվայի և Մոսկվայի մարզի «Օտկրիտիե» Բիզնես-բանկը կգլխավորի ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն Յուրի Գուսևը: Այս մասին փետրվարի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ Բանկի Վարչության անդամ, «Մանրածախ բիզնես» Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին:
«Մենք շնորհակալություն ենք հայտնում և հրաժեշտ տալիս Յուրի Գուսևին, ով 9 տարի աշխատեց ՎՏԲ Բանկ Հայաստանում, և 6 տարի գլխավորեց ՎՏԲ Խմբի բազային բանկերից մեկը: Յուրի Վասիլևիչը որոշել է վերադառնալ Ռուսաստան, որտեղ նա կգլխավորի «Օտկրիտիե» Բիզնես-բանկը:
Յուրի Գուսևը ծնվել է 1980 թ. ապրիլի 4-ին: Ունի երկու բարձրագույն կրթություն` տեխնիկական և տնտեսական: ՎՏԲ խմբի կազմում է 2008 թվականից: Նախկինում, 2009-ից 2012-ն զբաղեցրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսների բաժնի տնօրենի պաշտոնը, իսկ 2009-ից`Ֆինանսական վարչության ղեկավար: 2008-2009 թվականներին աշխատել է «ՎՏԲ» ԲԲԸ «Դուստր բանկերի» դեպարտամենտում: 2006 թ. աշխատել է OTP խորհրդատվական ընկերությունում, որը մասնագիտանում էր բանկային հատվածի ֆինանսական համակարգերի ստեղծման գործում: Իսկ մասնագիտական գործունեությունն սկսել է 2005 թվականից, «Զենիթ» բանկում:
Հիշեցնենք, որ «ՖԿ Օտկրիտիե» բանկը, որը հանդիսանում է Ռուսաստանի 20 խոշորագույն բանկերից մեկը, որն անցյալ տարվա օգոստոսին ընկավ ՌԴ ԿԲ սանացիայի տակ: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, բանկի սանացիան անցնում է նոր սխեմայով, ԿԲ մասնակցությամբ` որպես ներդրողի, օգտագործելով ԿԲ կառավարման ներքո գտնվող միջոցները: Բանկի ֆինանսական վիճակի վատթարացման պատճառը ԿԲ-մ համարեց ռիսկային բիզնես մոդելը, սեփականատերերի բիզնեսի վարկավորումը, «Թրաստ» բանկի անհաջող վերակազմավորումը, ինչպես նաև «Ռոսգոսստրախ»-ի և դրա հետ փոխկապակցված ակտիվների ձեռքբերումը: Բանկի իրացվելիությունը պահպանելու համար Կենտրոնական բանկն ուղղում է 1 տրիլիոն ռուբլի գումար: «ՖԿ Օտկրիտիե»-ի կանոնադրական կապիտալը 2017-ի նոյեմբերին նվազել է մինչև 1 ռուբլի, իսկ դեկտեմբերի սկզբին ռեգուլյատորը գնեց «ՖԿ Օտկրիտիե»-ի բաժնետոմսերի 99.9%-ը, 456.2 մլրդ ռուբլի լրացուցիչ թողարկման շրջանակներում: Հունվարի 1-ից «ՖԿ Օտկրիտիե»-ի կապիտալը կազմել է 129,5 մլրդ ռուբլի: 2018 թվականից «ՖԿ Օտկրիտիե» վարչությունը գլխավորում է Միխայիլ Զադորնովը, որը մինչ այդ հանդիսանում էր ՎՏԲ24-ի վարչության նախագահը: