Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը տարբեր միջազգային հարթակներում և, հատկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ու պետք է աշխատել այս դրական միտումը նաև առևտրատնտեսական ոլորտում տարածելու ուղղությամբ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Մադագասկարի գործարարների մասնակցությունը հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակում կազմակերպվող գործարար համաժողովին: Վարչապետը նշել է, որ մեր երկրում ներկայում բավական նպաստավոր տնտեսական իրավիճակ է ձևավորվել ներդրումային ծրագրերի համար, և լավ հնարավորություններ կան՝ ոչ միայն հայաստանյան, այլև երրորդ շուկաներ մուտք գործելու և բիզնես գործունեություն ծավալելու համար:
Մադագասկարի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է առաջին քրիստոնյա երկիր իր այցելությամբ: Նրա խոսքով՝ Մադագասկարը ողջունում է և հնարավորինս նպաստել է, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն անցկացվի Հայաստանում: Անրի Ռաբարի-Նձական նշել է, որ իր երկրի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան ակնկալվող այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները: Ռաբարի-Նձական առաջարկել է նաև իր երկիրը դիտարկել՝ որպես աֆրիկյան շուկա դուրս գալու հարթակ:
Վարչապետը ողջունել է Մադագասկարի կառավարական պատվիրակության առաջին այցը Հայաստան և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ աշխատել երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |