Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայումս հայ-իրանական հարաբերությունների լայնամասշտաբ զարգացման համար խոչընդոտներ չի տեսնում: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 27-ին Երևանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում: Այնուամենայնիվ, ինչպես նշել է նախարարը, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական ներուժն այսօր լիակատար չափով չի օգտագործվում:
Նրա խոսքով, միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ծրագրերը, վերջին տարվա պլանները բավական հավակնոտ էին, բայց միաժամանակ, ինչպես պարզվեց, միանգամայն իրատեսական: Այսօր, չսպասելով փորձագիտական գնահատականների արդյունքներին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խոսքով, կարելի է վստահաբար փաստել, որ կողմերը կարողացել են առաջադրված խնդիրների լոծման ուղիներ գտնել:
Ներկայումս, ինչպես հայտարարել է Աշոտ Մանուկյանը, հայ-իրանական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում: Հերթական վկայությունը 2017 թ. հոկտեմբերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցն էր ԻԻՀ, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման, Մեղրիում ԱՏԳ նախագծի իրականացման, ինչպես նաև Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման առնչությամբ: Վերջին նախագծի շրջանակներում, էներգետիկայի նախարարի խոսքով, ՀՀ և ԻԻՀ միջև էլեկտրաէներգիայի փոխանակումը ներկայիս 300 ՄՎտ-ից կավելանա մինչև 1350 ՄՎտ, (ավելի վաղ հայտարարվում էր 1000 ՄՎտ- խմբ.): Հիշյալ նախագծերի իրականացումը, նախարարի խոսքով, կնպաստի փոխադարձ կապերի ամրապնդմանը և երկկողմ ապրանքաշրջանառության ավելացմանը:
Բացի այդ, ինչպես ընդգծել է Աշոտ Մանուկյանը, երկկողմ հարաբերությունների օրակարգի մեջ է մտնում ազատ առևտուր զարգացնել ոչ միայն ՀՀ և ԻԻՀ միջև, այլ նաև՝ իրանական կողմի օգնությամբ ընդլայնել Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև տնտեսական կապերի: Այս առնչությամբ Երևանը կարևորում է միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, այդ թվում՝ մուլտիմոդալային փոխադրումների զարգացման համատեքստում, ինչպես նաև ակնկալում Թեհրանի հնարավոր մասնակցությունն Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի իրականացմանը: Հաշվի առնելով դա, ինչպես նշել է Մանուկյանը, հայկական կողմը միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ավելի մանրամասն կանդրադառնա նախագծերին:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականին Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 263,4 մլն դոլարի` 10,1% տարեկան աճով: Արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում արտահանումը կազմել է 84,1 մլն դոլար` 11,8% աճով, իսկ ներմուծումն ավելացել է 9,3%-ով` հասնելով179,3 մլն դոլար ցուցանիշի: