Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Մասնավորապես՝ քննարկվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու ներուժ կա․ դրանք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, ագրոբիզնեսը և այլն։
Սուրեն Կարայանը նշել է, որ ուրախալի է փաստել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2017-ին զգալի աճ է արձանագրել, և այդ աճը շարունակվել է ընթացիկ տարվա հունվարին։ Այդուհանդերձ, նախարարն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության ողջ ներուժն իրացված չէ, և հարկավոր է ջանքերը մեկտեղել ավելի մեծ առաջընթաց գրանցելու համար։ Այդ տեսակետից կարևորվել է ընթացիկ տարվա մարտի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։
«Իմ այցը վերստին շեշտադրում է հայ-ամերիկյան աշխույժ առևտրային հարաբերությունների մասով ԱՄՆ կառավարության ստանձնած հանձնառությունը: Անցած տարվա ընթացքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Մենք գնահատում ենք Հայաստանը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը և աջակցում դրանց: Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են», -իր խոսքում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը նախատեսվող հարցերի շրջանակին, ներդրումային դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP առևտրային ռեժիմին առչվող հարցերին։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է քննարկել Հայաստանի և ԱՄՆ միջև կրկնակի հարկումը բացառելու հարցը 2018 թվականի մարտին միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում: Ինչպես հայտարարել են ֆինանսների նախարարությունում, կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է տնտեսավարող սուբյեկտների դրական որոշում կայացնելուն:
Հայաստանի և ԱՄՆ միջև կրկնակի հարկումը բացառելու հարցը քննարկվում է արդեն ավելի քան 20 տարի. 1994 թվականից ի վեր Հայաստանի կառավարությունն այդ հարցը բարձրացնում է: 2000 թվականին հայ-ամերիկյան միջկառավարական նիստի ընթացքում այդ հարցը կրկին բարձրացվել էր, և այն ժամանակից ի վեր ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, իսկ բանակցություններն այդպես էլ չեն մեկնարկել: