Արմինֆո. Հայաստանի էլեկտրաէներգետիկ համալիրի ազատականացման ծրագրի իրականացումը կավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքում: Այդ մասին հունիսի 30-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով, անցած տարվանից իրականացման գործընթացն արդեն սկսվել է, և անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի ծրագիրն ամբողջությամբ գործի: «Մշակվել է օրենսդրական լավ բազա, ստեղծվել են բոլոր նախադրյալներն այդ ուղղությամբ ավելի ակտիվ աշխատանքի համար»,-ասել է նախարարը՝ նշելով ծրագրի կարևորությունը, ինչը կնպաստի ոչ միայն էլեկտրաէներգետիկ շուկայի զարգացմանը, այլ նաև՝ սակագների նվազմանը: Հիշեցնենք, որ 2017 թվականին սկսված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը ենթադրում է էլեկտրաէներգիայի այլընտրանքային մատակարարի ինստիտուտի ներդնում: Սպառողը հնարավորություն կունենա, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից բացի, էլեկտրաէներգիա ձեռք բերել նաև այլ մատակարարներից: Այնուամենայնիվ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» կմնան երաշխավորված մատակարար: Այն սպառողը, որը չի ցանկանա էլեկտրաէներգիա ձեռք բերել այլընտրանքային մատակարարներից, կկարողանա շարունակել ստանալ այն ցանցերից: Եվս մեկ նորություն վերաբերում է խոշոր մեծածախ սպառողների շուկա մուտքին, որոնք հնարավորություն կսդտանան էլեկտրաէներգիա ձեռք բերել անմիջապես գեներացիայի օբյեկտներից, ներմուծել այն և օգտագործել սեփական կարիքների համար: Այս միջոցն ուղղված է տարածաշրջանային ինտեգրմանը, ինչը պետք է հանգեցնի շուկայում մասնավոր հատվածի զգալի ակտիվացման: Կանոնակարգված են նաև կարգավորող մարմինների լիազորությունները՝ ի դեմս ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ