Արմինֆո.«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։
Իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Տեխնիկատնտեսական ցուցանիշների ճշգրտման նպատակով էներգաբլոկը ներկայումս համալիր ռեժիմային կարգավորման փուլում է:
Հիշեցնենք, որ վերազինման արդյունքում նախատեսված է շուրջ 7 ՄՎտ-ով ավելացնել կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասցնելով 227 ՄՎտ-ի, նվազեցնել վառելիքի տեսակարար ծախսը, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը: Կերկարաձգվի նաև կայանի կապիտալ նորոգումն իրականացնելու ժամկետի պարբերականությունը՝ 4-ից դառնալով 6 տարի։ Էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել ամերիկյան «General Electric» և ճապոնական «FUJI Electric» հայտնի ընկերությունները: Նշենք նաև, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |