Արմինֆո.ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այսօր կայացել է սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Հանձնաժողովը հավանության է արժանացրել սուբվենցիայի ծրագրային ութ հայտերից վեցը՝ ներկայացված Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Փամբակ, Շիրակի մարզի Սարապատ, Տավուշի մարզի Լուսաձոր և Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքների կողմից։ Հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն անցնում է 93 մլն դրամից՝ շուրջ 33 մլն պետական բյուջեից արվող համաֆինանսավորմամբ։
Ընդհանուր առմամբ հանձնաժողովի կողմից 2018 թվականի երկրորդ կիսամյակում հավանության են արժանացել 90 հայտեր։ Այդ 90 ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2,45 մլրդ ՀՀ դրամ, որից համայնքների կողմից համաֆինանսավորման չափը 1,34 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 1 մլրդ ՀՀ դրամ։
Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը նպատակ ունի ապահովել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը` նպաստելով ՀՀ համայնքների ճանապարհների, հրապարակների, հանրային զբոսայգիների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, հանրային շենքերի վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը և այլն:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |