Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը:
Առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունը: Ակնկալվում է, որ այդ տնտեսության հիմնական շահառուները կլինեն ոչ միայն գյուղատնտեսները, այլև Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ ֆերմերներն այստեղ հնարավորություն կունենան դիտարկել ցուցադրական դաշտերը, տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը, իսկ ուսանողները կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան:
Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ արգենտինական կողմը մեծապես աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը և ընդգծել, որ այս հարցում Արգենտինայի հարուստ փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել հայ ֆերմերների համար:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին նշել է, որ այս նախագծի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է հայ-արգենտինական ընդհանուր թիմ, որն ակտիվորեն աշխատում է ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Նրա խոսքով` ծրագիրն ընթանալու է երկու հիմնական փուլերով` ենթակառուցվածքային համակարգերի ներդրում և խորհրդատվական ծառայությունների մատուցում: Դեսպանը նաև վստահեցրել է, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն:
Արգենտինական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև խաղողագործության ոլորտում երկկողմ համագործակցությամբ: Գեղամ Գևորգյանն առաջարկել է սերտորեն համագործակցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ խաղողագործությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |