Արմինֆո.Հայաստանում կարգելվի դատապարտված անձանց ընդգրկումն ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական հաստատությունների բաժնետերերի կազմում: ԱԺ լիակազմ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկվել են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին՚ և մի շարք հարակից օրենքներում փոփոխությունները:
Ներկայացնելով փոփոխությունների նախագիծը` ՀՀ ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի աշխուժացմամբ: Օրենսդրական նախաձեռնության հիմքում դրված են Եվրախորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջոցառումների գնահատման խորհրդի (MONEYVAL) փորձագետների առաջարկությունները: Փաթեթի ընդունումն անհնար կդարձնի դատապարտված կամ հանցագործության համար կասկածվողի կարգավիճակում գտնվող անձանց մասնակցությունն ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական կառույցների բաժնետերերի կազմում: Նրանց կարգելվի էական գործառնությունների իրականացումը ֆինանսական կառույցների միջոցով: Այժմ նման փորձ է կիրառվում առևտրային բանկերի նկատմամբ, այսուհետև այն կտարածվի նաև մյուս ֆինանսական ինստիտուտների վրա:
Հավելենք, որ ավելի վաղ Եվրախորհուրդը Հայաստանին կոչ էր արել ավելացնել փողերի լվացման դեմ միջոցառումների թիվը: MONEYVAL փորձագետները նշել էին նման խախտումների դեմ օրենսդրական հիմքի ստեղծման ուղղությամբ Հայաստանի զգալի աշխատանքը և գովաբանել էին ֆինանսական հատվածը կանխարգելիչ միջոցների արդյունավետ կիրառման համար: Ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային բնաջնջման զենքի տարածման բացահայտման և կանխարգելման մեխանիզմներն, ընդհանուր առմամբ, արդյունավետ են:
Հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև մաքսանենգությանը և միջոցների մսխմանն առնչվող ռիսկերը փողերի լվացման լրջագույն սպառնալիքներ են: MONEYVAL-ի փորձագտեների գնահատմամբ, ամենախոցելի հատվածները բանկերն են և անշարժ գույքի շուկան: Ֆինանսական տվյալները հավաքվում են շատ արդյունավետ, սակայն միշտ չէ, որ իրավապահ մարմինները դրանք պատշաճ հետաքննում են: