Արմինֆո.Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ռազմաարդյունաբերական ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել ընկերության հետ կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Ալեսանդրո Պրոֆումոյին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան։
«Լեոնարդո» ընկերությունը մասնագիտացած է պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության, աերոտիեզերական արդյունաբերության մեջ՝ իր արտադրությունում լայնորեն կիրառելով բարձր տեխնոլոգիաները:
Ընկերությունն ունի ավելի քան 45 000 աշխատակից, արտադրում է ուղղաթիռներ, ինքնաթիռներ, աէրոհամակարգեր, ցամաքային և ծովային պաշտպանական էլեկտրոնիկա, պաշտպանական, անվտանգային և տեղեկատվական համակարգեր, ընկերության արտադրանքը արտահանվում է տասնյակ երկրներ:
«Լեոնարդո»-ն ունի նշանակալի արդյունաբերական ներկայություն Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Լեհաստանի ներքին շուկաներում, ինչպես նաև ռազմավարական գործընկերություն միջազգային կարևորագույն շուկաներում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |