Արմինֆո.2019 թ. փետրվար-մարտին Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերում կսկսվի Ագրո-ապահովագրության փորձնական ծրագիրը, որը պետական գանձարանին կարժենա 360 մլն դրամ: Քննարկվում է նաև հանրապետության Շիրակի մարզում ծրագրի փորձարկման հնարավորությունը: Նոյեմբերի 29-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, այս մասին հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Ըստ նախարարի, գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրության համակարգը նոր լուծումներ կգտնի գյուղացու կորուստները լիովին ծածկելու համար: Այսօր գյուղատնտեսության վնասները բնական աղետներից կազմում են մոտ 12 մլրդ դրամ (մոտ 25 մլն դոլար), որոնք փոխհատուցվում են պետության կողմից, բայց ապահովագրության դեպքում այդ փոխհատուցումները կիրականացնեն ապահովագրական ընկերությունները: Նախնական փուլում ապահովագրությունը կտարածվի մրգերի և բանջարեղենի`ծիրանի և խաղողի վրա: Ապահովագրված ռիսկերը կլինեն կարկուտը և ցրտահարությունը: Գյուղատնտեսական ապահովագրությունը անասնապահության ոլորտում դեռևս չի քննարկվում: «Նախկինում նման բան չի արվել, համակարգը նախատեսում է 100 տոկոս փոխհատուցում ֆերմերների կորուստների համար», - ասել է Գևորգյանը: Նրա խոսքերով, այս փուլում ոլորտի պատասխանատուները հանդիպում են ֆերմերների հետ, ներկայացնելով ծրագիրը: «Բոլոր ֆերմերները միանշանակորեն կողմ են ծրագրի ներդրմանը», - ասել է Գևորգյանը, ընդգծելով, որ ծրագիրը նախատեսում է սուբսիդավորվող ապահովագրական վճարներ: Սուբսիդիաները կկազմեն ապահովագրական պոլիսի արժեքի 60-65% -ը, իսկ ֆերմերներն ստիպված կլինեն 1 հա-ի դիմաց վճարել 30-35 հազար դրամ:
Մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը կավարտվեն անհրաժեշտ փաստաթղթերի մշակման աշխատանքները, վերջնական բանակցությունները կանցկացվեն Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և ապահովագրական ընկերությունների հետ: Կձևավորվի Գյուղատնտեսական ռիսկերի կառավարման ազգային բյուրո: Բյուրոն կլինի այն գործիքը, որով գնահատելու են բնական աղետների հետևանքները: Կստեղծվի վնասը գնահատողների ինստիտուտ, կընտրվեն հիմնական ապահովագրական ռիսկերը: Բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պրոդուկտների մշակումով: Ինչպես նշել է նախարարը, Հայաստանում գործող գրեթե բոլոր ապահովագրական ընկերությունները շահագրգռված են ծրագրին մասնակցելու առումով: