Արմինֆո.Երեւանում բնակելի շենքերի բնակարանների միջին շուկայական արժեքը 2018 թվականի երրորդ եռամսյակում ավելացել է 2,3% -ով, տարեկան 10% աճով` հասնելով 287,8 հազ. դրամ/1 քմ: Այդ մասին վկայում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները:
Աղբյուրի համաձայն, Երեւանի բնակարանների ամենաբարձր գներն, ավանդաբար, պահպանվում են Կենտրոն համայնքում` միջին հաշվով 543.9 հազար դրամ/1քմ, տարեկան 20.1% եւ 5.1% եռամսյակային աճով: Դրան հաջորդում է Արաբկիրը, որտեղ բնակարանների գինն ամրագրված է 374.9 հազար դրամ/1քմ մակարդակում, տարեկան 9.4% եւ եռամսյակային 2.9% աճով: Առաջատարների եռյակը եզրափակում է Դավիթաշենը` 291.2 հազար դրամ/1քմ, տարեկան 15.9% և եռամսյակային 2.6% աճով:
Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ հաշվետու ժամանակահատվածում բնակարանի քառակուսի մետրի արժեքը կազմել է միջին հաշվով 167.4 հազար դրամ/1 քմ, տարեկան աճը` 7.3%, եռամսյակային աճը` 1%:
2018 թվականի երրորդ եռամսյակում Երեւանում իրականացվել է անշարժ գույքի առքուվաճառքի 4616 գործարք, որոնց 67.8% -ը կամ 3130 գործարք բաժին է ընկել բազմաբնակարան շենքերի բնակարաններին: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 16.9% -ով, իսկ եռամսյակային կտրվածքով` 5.8% -ով: Գործարքների առյուծի բաժինը` 19.2%, պատկանում է Կենտրոն համայնքին, իսկ ամենափոքր 0.4%-ը` Նուբարաշենին:
Ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում «Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը Հայաստանի անշարժ գույքի շուկայում դրական փոփոխությունները պայմանավորել էր, մասամբ, համաշխարհային տնտեսության միտումներով, ինչը հետագայում հանգեցրեց Հայաստանում տնտեսական կայունացմանը: Հայաստանում վերջին քաղաքական իրադարձությունների կապակցությամբ Մ. Չատինյանը նշել էր, որ մի քանի էմոցիոնալ գնումներ են կատարվել: Այնուամենայնիվ, փորձագետը չէր կիսել նոր համատարած շինարարության վերաբերյալ լավատեսությունը: Գործակալության տնօրենը պարզաբանել էր, որ իրավիճակը կդառնա ավելի պարզ, երբ որոշակի ժամանակ անցնի, իրավիճակը երկրում կայունանա, կառավարությունը խոսքերից անցնի կոնկրետ գործողությունների, ինչն, անպայման կհանգեցնի անշարժ գույքի, այդ թվում, կոմերցիոն անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրության աճի: Միևնույն ժամանակ, փորձագետը նշել էր, որ Հայաստանում անշարժ գույքի գների աճի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 25%-ով բացասաբար կանդրադառնա շուկայի ընդհանուր իրավիճակի վրա: «Գները բարձրանում են, բայց գնորդը դրան պատրաստ չէ: Դա կկանգնեցնի գների աճը, և, որպես հետևանք, կարող է տեղի ունենալ նվազում, եթե պահանջարկը համարժեք չարձագանքի գնային առաջարկին: Մասնավորապես, գների ավանդական անկում պետք է սպասել ձմռան շրջանում և առանձին դեպքերում, երբ ծագում է շտապ վաճառքի անհրաժեշտություն՚, - նշել էր փորձագետը: Նա հույս էր հայտնել, որ երկրում իրավիճակն, այնուամենայնիվ, կկայունանա, ինչը կնպաստի շինարարության աշխուժացմանը, մասնավորապես, կլինեն նոր օրենսդրական նախաձեռնություններ և հարկային մեղմացումներ ներդրողների համար:
Հավելենք, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն փոխել է հաշվետվության ձևաչափը` սկսած 2018 թվականի առաջին եռամսյակի տվյալներից, որում առանձնատների գների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է և այսուհետև չի հրապարակվելու: