Արմինֆո.Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի, Մասնավոր հատվածի գործառնական և Կայուն զարգացման, կլիմայական փոփոխությունների բաժինների ղեկավարները Մանիլայում բացել են ԱԶԲ-ի՝ մեկ ընդհանուր խորագրի ներքո կազմակերպված համատեղ միջոցառումը: Հայաստանից միջոցառմանը մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ):
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀԷՑ մամուլի ծառայությունից, ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի ընթացքը, անդրադարձել դրա կարևորությանը, ինչպես նաև ներկայացրել ընկերության զարգացման հեռանկարները առաջիկա տարիների համար: Նա հատուկ շեշտել է ԱԶԲ-ի և մյուս միջազգային ներդրումային ֆինանսական կառույցների դերը և այն առանցքային պայմանները, որոնք իրենց մեծ դերակատարումն ունեն էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ և հուսալի բաշխիչ ցանց ունենալու գործում՝ նպաստելով երկրի տնտեսական աճին:
«Մենք ներկայացրեցինք Հայաստանը, էներգետիկ շուկայի կառուցվածքը, և, իհարկե, 2015թ. ի վեր՝ ընկերության կառավարումը ստանձնելուց հետո կատարված աշխատանքի արդյունքները, մեր առջև ծառացած մարտահրավերները, 10-ամյա ներդրումային ծրագիրը և առաջիկա տարիների զարգացման տեսլականը: Չափազանց կարևոր էր նաև ԱԶԲ-ի հետ փորձի փոխանակումը», - նշել է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Կ.Հարությունյանը:
«Հայաստանի տնտեսության աճի համար կարևոր է էլեկտրաէներգիայի առավել արդյունավետ և հուսալի բաշխիչ ցանցի առկայությունը: ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարևորագույն խնդիրներն ու նպատակները։ Մեր համագործակցությունը կաջակցի ՀԷՑ-ին ներդրումային ծրագրի իրականացման հարցում՚, - նշել է ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մանիլայում, հիմնադրվել է 1966 թվականին` Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման նպատակով: ԱԶԲ-ում ներկայացված է 67 երկիր:
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, որը գլխավորում է ռուսաստանահայ խոշոր գործարար Սամվել Կարապետյանը, և Inter RAO ընկերությունը 2015 թ. սեպտեմբերի 30-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում ռուսական էներգետիկ հոլդինգի ակիտվների` ՀԷՑ-ի և Հրազդանի ՋԷԿ-ի առքուվաճառքի շուրջ համաձայնագիր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2002 թ. մայիսին` «Երեւանի էլեկտրական ցանցերի՚, «Հյուսիսային էլեկտրական ցանցերի՚, «Հարավային էլեկտրացանցերի՚ եւ «Կենտրոնական էլեկտրական ցանցերի՚ միաձուլման արդյունքում: Ընկերության հիմնական գործունեությունը էլեկտրաէներգիայի կարգավորվող բաշխումն ու իրացումն է: Ցանցերի ընդհանուր երկարությունը 36 հազար կմ է: Ընկերությունը սպասարկում է շուրջ 985,000 սպառողի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն բացառիկ լիցենզիա ունի Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման եւ բաշխման համար:
Ավելի վաղ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հայտարարել է, որ մոտ ապագայում նախատեսվում է ստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 100 մլն դոլար տրամադրելու մասին վարկային համաձայնագիր: Ավելի վաղ 80-ական մլն դոլար պարտավորվել էին տրամադրել Ասիական զարգացման բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը: Ավելի ուշ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հաղորդել էր, որ միջոցները կներգրավվեն մասնավոր ընկերությունում` առանց պետական երաշխիքների, ինչն աննախադեպ երևույթ է: Ներգրավվող ռեսուրսները չեն անդրադառնա ընկերության վարկային բեռի վրա: ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն, իր հերթին, ընդգծել է, որ մինչև 2020 թվականը ներդրումային ծրագրին զուգընթաց մշակվել է 2018-2028 թթ. նոր ծրագիր: 10-ամյա ծրագրի իրագործումը հնարավորություն կընձեռի վերակառուցել և արդիականացնել էլեկտրական սարքավորումները, որոնք 50 և ավելի տարեկան են: