Արմինֆո. <Գազպրոմ> ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը քննարկել են 2019 թ. Հայաստան գազի մատակարարումները, ասվում է <Գազպրոմի> հաղորդագրության մեջ:
<Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է <Գազպրոմ> ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացումը: Մասնավորապես, խոսքը վերաբերել է 2019 թ. Հայաստան բնական գազի մատակարարումներին>,- նշվում է հաղորդագրության մեջ:
<Կողմերը քննարկել են նաև Հայաստանի գազաֆիկացմանը, հանրապետության տարածքում գազի ստորգետնյա պահեստարանին առնչվող հարցեր>,- նշել են <Գազպրոմ> ընկերությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի շուրջ բանակցությունները. ժամկետները նախանշվել են, քանի որ իրավիճակը <ցեյտնոտային> է։ <Այդ թեման /Հայաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ–խմբ./ շոշափվել է նախօրեին: Պայմանավորվել են ակտիվացնել գազի շուրջ բանակցությունները, քանի որ մինչև երեկ մեր <Գազպրոմի> և հայ գործընկերների միջև ակտիվ բանակցություններ չեն եղել>,–ասել էր Պեսկովը:
Մինչդեռ, անդրադառնալով Պուտինի հետ հանդիպման արդյունքներին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ հարցի շուրջ առայժմ որոշում չկա: <Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով, իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունենրի համար դա չափազանց զգայուն թեմա է, եւ այդ զգայունությունը գիտակցում են թե ՀՀ կառավարությունում, թե Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված եւ հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի>, - ընդգծել է Փաշինյանը։
Նշենք, որ ներկայումս Հայաստանը ռուսական գազ է ստանում 1000 խմ դիմաց 150$ գնով: Սակայն, այդ պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թ. հունվարի 1-ին: