Արմինֆո. Երևանի «Արմենալ՚ գործարանի արտադրանքի ամերիկյան շուկա վերադարձի հնարավորության մասին սագան շարունակվում է:
Ինչպես հաղորդում է «Պրայմ՚ տնտեսական գործակալությունը, նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կոնգրեսականների հետ հանդիպումից հետո վերահաստատել է En+, UC Rusal և Evrosibenergo ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու իր գերատեսչության մտադրությունը: Երեք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել միայն այն պատճառով, որ դրանք վերահսկում և կառավարում էր Օլեգ Դերիպասկան: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների, բոլոր երեք ընկերությունները գնացել են «էական վերակազմավորման» եւ կորպորատիվ կառավարման փոփոխությունների: Բացի այդ, նրանք համաձայնել են «աննախադեպ թափանցիկության»: UC Rusal-ը վերահսկող En+ հոլդինգում Դերիպասկայի մասնաբաժինը կկրճատվի շուրջ 70 տոկոսից մինչեւ 44.95%, և, Ֆինանսների նախարարության հավաստմամբ, գործարարը հետագայում չի կարող այն ավելացնել: «Այդ գործողությունների առնչությամբ այս ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցները հանվում են՚, - նշել է Սթիվեն Մնուչինը, հավելելով, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը զգոն կլինի En+ և UC Rusal ընկերությունների ստանձնած պարտավորիությունների կատարման հարցում: «Եթե այդ ընկերությունները չկատարեն պայմանները, ապա կբախվեն շատ իրական և անհապաղ հետևանքների` ներառյալ պատժամիջոցների վերանայումը՚, - նախազգուշացրել է Մնուչինը` պատրաստակամություն հայտնելով շարունակել այդ հարի շուրջ աշխատանքը կոնգրեսականների հետ:
Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ մտադիր է 30 օր անց En+, UC Rusal և Evrosibenergo ընկերությունները հանել պատժամիջոցների ցուցակից: Դրանից հետո Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի յոթ կոմիտեների նախագահներ նամակ հղեցին Ֆիանանսների նախարարություն` կոչ անելով հետաձգել Օլեգ Դերիպասկայի En+, UC Rusal և Evrosibenergo ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերացումը, քանի դեռ իրենց հարցերի պատասխանները չեն ստացվել: Սակայն պատժամիջոցները վերացնելու ԱՄՆ ֆինանսների նախարարության վճռականությունը UC Rusal-ի դուստր ընկերություն Երեւանի «Արմենալ» գործարանին թույլ կտա վերսկսել փայլաթիթեղի մատակարարումն ԱՄՆ, որոնք կասեցվել էին UC Rusal-ի խոշոր բաժնետեր Օլեգ Դերիպասկայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների առնչությամբ:
«Արմենալը՚ ոչ միայն ԱՄՆ, այլեւ Եվրամիության երկրներ պատրաստի արտադրանքի խոշորագույն արտահանող է: ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հնամեմատ կրճատվել է 12 տոկոսով` մինչև 26714 տոննա: Վիճակագրական տվյալների համաձայն, միայն նոյեմբերին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունը կրճատվել է 9,7 տոկոսով` մինչև 2004 տոննա: