Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ակնկալում է, որ սակագնային մարժայի մեծության շուրջ բանակցությունների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության նորմալ գործունեությունը եւ սպառողների հուսալի եւ անվտանգ գազամատակարարումը:
Այս մասին ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հաղորդագրության մեջ` ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցման, որն առնչվում էր սակագնային մարժայի կրճատման հնարավորությանն ու, որպես հետևանք, ռուսական գազի արժեքի բարձրացման առնչությամբ ընկերության ներդրումային ծրագրի ծավալների հնարավոր նվազմանը
«Հայաստանին մատակարարվող բնական գազի գների փոփոխության առնչությամբ քննարկումներ են անցկացվում էներգետիկ ոլորտում ՀՀ կառավարության լիազորված մարմնի, կարգավորող մարմնի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միջև` շահագրգիռ հասարակական կազմակերպությունների եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ` սակագնային մարժայի մեծության վերաբերյալ համաձայնեցված որոշումներ կայացնելու նպատակով: Ընկերության սակագնային մարժան պետք է ներառի դրա հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները, որոնք ներառված են ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում», - ասվում է ընկերության հաղորդագրիությունում:
ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների կարծիքով, «Գազպրոմի» եւ Հայաստանի իշխանությունների միջեւ նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մարժայի կրճատման, սակայն, չեն դառնա ճգնաժամային: Բայց «Գազպրոմի» կողմից «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրած զեղչերի մասնակի չեղարկումը կարող է հանգեցնել «Գազպրոմի» հայաստանյան մասնաճյուղի ներդրումային ծրագրի կրճատման: 2019-2021 թվականների ներդրումային ծրագրի նախագծին համապատասխան, ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 29,598.4 մլն դրամ (առանց ԱԱՀ-ի): «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը նախատեսում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի ընդլայնում, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի նոր օբյեկտների կառուցում, ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ձեռք բերում եւ ներդրում, նոր բաժանորդների միացում, անվտանգության համակարգերի տեղադրում եւ այլն: Ինչպես ավելի վաղ նշել էր ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, մինչև 2030 թիվը Հայաստանի գազափոխադրման համակարգի արդիականացման գործում ներդրվելու է 480 մլն դոլար:
Հիշեցնենք, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին ստորագրել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը գազի մատակարարման պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր: Վրաստանի հետ սահմանին Հայաստանի համար գազի գինը 2019 թվականի սկզբից ավելացել է 10% -ով` մինչեւ 165 դոլար 1000 խմ դիմաց: 2016 թվականի համաձայնագրով հազար խորանարդ մետրի դիմաց գինը կազմում էր 150 դոլար: