Արմինֆո.Համակարգված էներգետիկ քաղաքականության մշակումը, որը ենթադրի «էներգետիկ ռեսուրսների գնագոյացման զգայուն հարցի լուծում», կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում հունվարի 1-ից սկսված Հայաստանի նախագահության գերակայությունը: Այդ մասին երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ԵԱՏՄ կարգավորող մարմին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնակայանում:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», այս տարի ԵԱՏՄ ամենափոքր երկիրը` Հայաստանը, առանցքային տեղ է զբաղեցնում կազմակերպությունում: Նախ, Տիգրան Սարգսյանը պահպանում է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարի պաշտոնը: Երկրորդ, հունվարի 1-ին Երեւանը դարձավ ԵԱՏՄ նախագահ: «Օգտվելով նման հարմար պահից` Երեւանը մտադիր է առաջ տանել իր համար օգտակար մի շարք նախաձեռնություններ: Երեկ Նիկոլ Փաշինյանը դրանք թվարկել է միության մյուս երկրների առաջնորդներին հղված իր ուղերձում, որը բավականաչափ քննադատություն էր ներառում կազմակերպության հասցեին: «Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները՚, - ասել է պարոն Փաշինյանը: Նա նաև կարևորել է միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը՚, - գրել է «Կոմերսանտը՚, հիշեցնելով, որ էներգառեսուրսների շուկայում գնագոյացումը «չափազանց ցավոտ՚ թեմա է Երևանի համար, և անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանն այն ակտիվորեն քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ակնկալելով հասնել ավելի շահավետ սակագնի, սակայն 2019 թ. սկզբից 1000 խմ գազի դիմաց գինն աճել է 150-ից մինչև 165 դոլար, ճիշտ է, վերջնական սպառողի համար այն չի փոխվել: «Այսպես նոր կառավարությանը հաջողվեց խուսափել հարվածից իր վարկանիշին՚, - գրել է «Կոմերսանտը՚:
Թերթը նաև գրել է, որ, պատասխանելով լրագրողների հարցերին, երեկ պարոն Փաշինյանը հասկացրել է, որ մտադիր է շարունակել բանակցությունները այս հարցի շուրջ եւ ընդլայնել դրանք: «Փաստորեն, սա նշանակում է, որ մենք ունենք մեկ տարի, երկարաժամկետ հեռանկարում այս հարցի լուծման համար Ռուսաստանում եւ ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակելու համար: Իհարկե, ավելի լավ է, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, քանի որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ խոսում ենք միասնական տնտեսական տարածության մասին», - ասել է Փաշինյանը: «Պարոն Փաշինյանի երեկվա այցի` ավելի շատ տնտեսություն եւ պակաս քաղաքականություն օրակարգը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է իր նախընտրական խոստումներին», - ընդգծել է «Կոմերսանտը՚: