Արմինֆո. Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հանդես է գալիս եկամտահարկի հարթ սանդղակի ժամանակավոր կիրառման օգտին: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 12-ին «Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում՚ միջազգային համաժողովի հարթակներում` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Փորձագետի ասելով, հարթ սանդղակի կիրառման բուն գաղափարն արդարացված է ` ազգային տնտեսության մրցունակությունը բարձրացնելու տեսակետից: Սակայն, նրա կարծիքով, այդ նորմը պետք է լինի ժամանակավոր և մտածված` սանդղակի սահմանման առումով: «Հնարավոր է` ավելի նպատակահարմար կլիներ սահմանել երկու սանդղակ` 20% մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար և 23% նրանց համար, ում ամսակա եկամուտը գերազանցում է այդ գումարը: Այդպիսով, մենք կապահովեինք նաև սոցիալական արդարության սկզբունքը՚, - հայտարարել է Գագիկ Մակարյանը:
Հավելենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանը մտադիր է անցնել եկամտահարկի հարթ համակարգի, որը, անկախ աշխատավարձի չափից, կսահմանվի 23%: Այժմ Հայաստանում գործում է հարկման հետևյալ սանդղակը. մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ումեցողները վճարում են 23 տոկոս, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ եկամուտ ունեցողները` 28 տոկոս, իսկ ավելի քան 2 միլիոն դրամ ամսական եկամուտ ունեցողները` 36 տոկոս: Ինչպես խոստովանում են երկրի ֆինանսական իշխանությունները, խնդիրն այն է, որ եկամտահարկի 25.1-25.2% արդյունավետ տոկոսադրույքը բավականին բարձր է, ինչի առնչությամբ բացասաբար է անդրադառնում ազգային տնտեսության մրցունակության, արտահանման ծավալների վրա, չի նպաստում տնտեսական աճին եւ երկրում աղքատության կրճատմանը: Ավելին, եկամտահարկի գծով մեծ հարկային բեռը հանգեցնում է իրական եկամուտների ոչ լիարժեք հայտարարագրման: Արդյունքում, ինչպես փաստում է Ֆինանսների նախարարությունը հայտարարագրվող եկամտի հիմնական զանգվածը կենտրոնացած է հենց «մինչեւ 150 հազար դրամ քաշային կարգում»: Պաշտոնական տվյալների համաձայն, վարձու աշխատողների առյուծի բաժինը` 64.9%, ստանում է մինչեւ 150 հազար դրամ (մոտ 610 հազար) աշխատավարձ, 34.8% -ը ստանում է մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ, իսկ 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացողների թիվը 0.3 % է: