Արմինֆո.Հայաստանը կմիանա Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար հեռահաղորդակցային կապի ստեղծման տարածաշրջանային նախագծին: Տարածաշրջանային համագործակցության շուրջ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նախօրեին Թեհրանում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության Իրան այցի շրջանակում:
Փաստաթուղթը հայկական կողմից ստորագրել է UCOM ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, Իրանի կողմից՝ Իրանի հաղորդակցության և ՏՏ փոխնախարար, Իրանի հեռահաղորդակցության ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Սադրին, Քաթարի կողմից՝ Ծոցի երկրներում խոշորագույն մալուխային ցանցը տնօրինող «Գալֆ Բրիջ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Աբդուլա Ալ-Ավաիլին։
Համաձայն փաստաթղթի, ինչպես ասվում է UCOM ընկերության հաղորդագրությունում, Հայաստանի, Իրանի և Քաթարի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերությունները կհամագործակցեն՝ ստեղծելով ինտերնետի տարանցիկ կապուղի՝ տարածաշրջանի երկրների համար։ «Այս ծրագրով Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետի հասանելիության տարանցիկ կապուղի է ստեղծվելու։ Միանալով նման հավակնոտ նախագծի, փաստորեն, Հայաստանն ընդգծում է տարածաշրջանում ՏՏ առաջատարի իր դիրքը։ Նոր կապուղին այլընտրանք է դառնալու այսօր գործող՝ ծովային ճանապարհով անցնողին, որը փաստորեն, անցնելու է Հայաստանով՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան։ Նախագծում ընդգրկվելու համար, ի դեպ, թեժ պայքարում էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Սա ոչ միայն գործարար, այլ նաև ռազմավարական նշանակության ծրագիր է, որը կապված է հեռահաղորդակցության անվտանգության հետ»,- նշել է Ալեքսանդր Եսայանը։
Հավելենք, որ Թեհրան այցի շրջանակում տեղի է ունեցել Ալեքսանդր Եսայանի հանդիպումը Իրանի հաղորդակցության և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) խորհրդի անդամ, Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության նախագահ, WCIT 2019՝ ՏՏ համաշխարհային համաժողովի նախագահ Ալեքսանդր Եսայանը անձամբ վերահաստատել է համաժողովին մասնակցության նախապես արված հրավերը, որը տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Իրանցի պաշտոնյան շնորհակալություն է հայտնել հրավերի համար` հայտնելով մասնակցության մտադրության մասին։