Արմինֆո. Եվրամիությունը պատրաստ չէ 100 տոկոսով ֆինանսավորել Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները:
Նրա խոսքով, Եվրամիությունն ակնկալում է, որ այդ ծրագրերում, բնականաբար, լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով, ինչպես նշել է վարչապետը, մեր առաջնային խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով և տնտեսական զարգացուների միջոցով: <Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում մենք գրել ենք, որ արտաքին միջոցների ներգրավման առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները: Այստեղ մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե ինչպես ենք վերաբերվում այս հարցին, որովհետև մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ:
Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում. ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով:
Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք, արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու: Այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք և այդ եզրակացության վերաբերյալ, իհարկե, քննարկումներ կունենանք, նաև հանրային քննարկումներ, կունենանք նաև քննարկումներ Ազգային ժողովում և այս հարցի վերաբերյալ նաև պետք է կարողանանք գալ ընդհանուր եզրակացության>,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, հայտնել էր, որ 2019 թվականին Հայաստանը 512 մլն դոլարով կավելացնի պետական պարտքը, որից 21 մլն դոլար` Կենտրոնական բանկի գծով: Ընդ որում, ընթացիկ ֆինանսական տարում Հայաստանը նախատեսում էր միջոցներ ներգրավել 446 մլն դոլարի չափով, որից 31 մլն` Կենտրոնական բանկի գծով: Այսպես, 2019 թվին Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը կկազմի մոտ 151,6 մլրդ դրամ (մոտ 313 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի 2,2%` 2018 թվականի համար ամրագրված 156,9 մլրդ դրամի (մոտ 325 մլն դոլար) կամ ՀՆԱ 2,7-ի դիմաց: Պակասուրդը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրներից` 97.5 մլրդ դրամի (մոտ 202 մլն դոլար), իսկ ներքին ռեսուրսների հաշվին` 54.1 մլրդ դրամի (մոտ 112 մլն դոլար) չափով: ՀՀ Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանի խոսքերով, հաջորդ տարի նախատեսված շուրջ 490 մլն դոլար արտաքին փոխառություններից շուրջ 152,1 մլն դոլարի (74 մլն դրամ) կուղղորդվի այդ նպատակին: Եվսլ 337,6 մլն դոլար կամ 164,2 մլրդ դրամ ներգրավվելու է նպատակային ծրագրերի համար: Վարկերի սպասարկմանը կուղղորդվի 292,6 մլն դոլար, որից 175 մլն դոլարը կօգտագործվի արտաքին պարտքի հիմնական գումարի մարման, եւ 117.6 մլն դոլար` վարկերի տոկոսադրույքներին: 343 մլն դոլարի խոշորագույն վարկը նախատեսվում է ստանալ Ռուսաստանից, որից 192.9 մլն դոլարը հաստատվել է: 53,1 մլն դոլար ակնկալվում է Ասիական զարգացման բանկից, 50,4 մլն դոլար` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից, Միջազգային զարգացման ընկերակցությունը կտրամադրի 9,7 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկը` 9,4 մլն դոլար, Գերմանական բանկը` 7,5 մլն դոլար, Վերակառուցման և զարագցման եվրոպական բանկը` 7,3 մլն դոլար, Ֆրանսիանկտրամադրի 3,3 մլն դոլար, Եվրասիական բանկը` 3 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը` 2,8 մլն դոլար եւ ՕՊԵԿ-ի զարգացման միջազգային հիմնադրամը` 0,2 մլն դոլար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ