Արմինֆո. Մարտի 18-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության հեռանկարներին և ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես` քննարկվել է գործընկերության ընթացիկ տարվա ռազմավարությունը և հետագա ծրագրերի իրականացման ոլորտները:
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են, և կառավարության ծրագրում սահմանված ուղենիշերն ու առաջնահերթությունները թույլ են տալիս ակնկալել առավել բարձր արդյունքներ:
ԱԶԲ ներկայացուցիչն ընդգծել է, որ բանկի հետ փոխգործակցությունը նպատակային ծրագրերի և փորձի փոխանակման շրջանակներում կնպաստի բարեփոխումների իրականացմանը և կարողությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ԱԶԲ-ին միացել է 2005 թվականին եւ ընդգրկված է խառը (արտոնյալ եւ սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում: Բանկը զբաղվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման հարցերով ՝ տնտեսական աճի խթանման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Ասիական զարգացման բանկի միջոցներն ուղղորդվում են ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ սոցիալական ծառայությունների աջակցությանը ՝ երկրի ճկուն, համապարփակ եւ կայուն զարգացմանը նպաստելու համար: ԱԶԲ-ն շարունակելու է աջակցել Հյուսիս-Հարավ փխադրամիջանցքի շինարարական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդմանը:
Բանկի կայքում հրապարակված վերջին վիճակագրության համաձայն, 2017 թվականի վերջին ԱԶԲ-ն Հայաստանում իրականացրել է 1.32 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 52 նախագիծ, որից 635 մլն դոլար ուղղորդվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, 172 մլն դոլար` քաղաքային ենթակառուցվածքին եւ ջրամատակարարմանը, 152 մլն դոլար` ֆինանսների ոլորտին, 142 մլն դոլար` էներգետիկային, 140 մլն դոլար` վարչական կառավարման ոլորտին: