Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել կաթ վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ոլորտի զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Տիգրան Գաբրիելյանը, ՀԱԱՀ պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը, Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը, «Լարի» պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը։
«Մեր նպատակն է հանրապետությունում կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտների զարգացումը, տեղական ընկերությունների մրցունակության խրախուսումը, հետևապես մշտապես պատրաստակամ ենք քննարկել և հնարավորինս օպերատիվ լուծումներ տալ բարձրացված հարցերին, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանն ու աճին։ Կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ պետությունը, բիզնեսը և արտադրողները պետք է նույն լեզվով խոսեն»,-ողջունելով ներկաներին՝ մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա հավելել է, որ արձագանքելով կաթ վերամշակողների հորդորներին՝ նախարարության առաջարկությամբ օրերս փոփոխություններ են կատարվել պետական օժանդակության ծրագրերում, մասնավորապես կաթնամթերք արտադրողներն այս տարվանից կարող են էժան ֆինանսական ռեսուրս ձեռք բերել՝ օգտվելով տարեկան ընդամենը 3% տոկոսադրույքով մթերման վարկերից, ինչը էականորեն կբարելավի նրանց ֆինանսական կայունությունը, ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրի շրջանակում նրանք հնարավորություն ունեն գնել կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ։ Բացի այդ, մշակվել և նախարարության կայքէջում հրապարակվել է կաթի գնման պայմանագրի օրինակելի ձև, ըստ որի կաթի մթերումը և գնագոյացումը պետք է կատարվի ըստ տեսակների, ինչը հնարավորություն կտա խթանել բարձրորակ կաթի արտադրությունը, միաժամանակ մշակվել է կաթի արտադրության ոլորտի խթանման համալիր ծրագիր, օրակարգում է կաթնամթերքի մակնշումների կարգավորման հարցի լուծումը, որին առաջիկայում նույնպես անդրադարձ կկատարվի։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև շուկայում կաթի մթերման գնային տատանումներին, դրանց վերաբերյալ վերամշակողների կողմից ներկայացված պարզաբանումներին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։
Հիշեցնենք, որ Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման սարքավորումների լիզինգի վարկի սահմանաչափը 230 մլն դրամից դարձել է 450 մլն դրամ: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում ։ Ծրագրին առայժմ մասնակցում են չորս բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ: Նոր սահմանաչափի կիրառումը հնարավորություն կտա վերամշակող ձեռնարկություններին եւ այլ տնտեսվարող սուբյեկտներին ավելի ակտիվորեն մասնակցել լիզինգային ծրագրին, որի համաձայն, ըստ էության, վարկառուն կվճարի միայն 4 տոկոս, մնացածը կսուբսիդավորի պետությունը:
Ավելի վաղ Արմինֆոն հաղորդել էր, որ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին միացել են Ամերիաբանկը, Արմսվիսբանկը, Կոնվերսբանկը, Հայէկոնոմբանը: Սկզբնապես ծրագրի շրջանակում համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «ԱԳԲԱ Լիզինգե ՎԿ-ի, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիաե ՈՒՎԿ-ի (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ ՓԲԸ) և «Քարդ ԱգրոԿրեդիտե ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետևյալ ոլորտներում՝ անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն; բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն; սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ; թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն; սպանդանոցային տնտեսություն; ագրովերամշակող արդյունաբերություն; ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս: Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Հավելենք, որ ծրագիրը բաց է բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար։