Արմինֆո. Առաջիկա 20 օրերի ընթացքում ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկի և փորձագիտական հանրության հետ կքննարկի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության օրենսդրական կանոնակարգմանն առնչվող սահմանափակումների հնարավոր վերանայումը: Այդ մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Բրյուսել կատարած իր վերջին այցի ընթացքում ակնհայտ է դարձել, որ Եվրոպական Միությունը պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացումը, բայց ոչ 100 տոկոսով, եւ այդ հարցում իր մասնակցությունը պետք է ցուցաբերի հենց հանրապետությունը: Նրա խոսքով, էներգետիկայի, ոռոգման համակարգերի եւ այլ ոլորտներում նախատեսված ծրագրերի իրականացմանը ֆինանսական մասնակցություն ունենալու, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումները կյանքի կոչելու համար Հայաստանը պետք է մտածի արտասահմանյան ռեսուրսների ներգրավման մասին: Այստեղ, սակայն, ինչպես նշել է Փաշինյանը, կա զգայուն խնդիր, որն առնչվում է ՀՆԱ նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության օրենսդրական սահմանափակմանը։
Այդ հարցը լուծելու նպատակով, կառավարության ղեկավարի հավաստմամբ, երկրի կառավարությունը մտադիր է խորհրդատվություններ անցկացնել Կենտրոնական բանկի եւ փորձագիտական հանրության հետ: Այդ քննարկումների արդյունքում կընդունվի համապատասխան որոշում, որը նույնպես քննարկման առարկա կդառնա հասարակական կազմակերպությունների և խորհրդարանի հետ՝ ընդհանուր հայտարարի գալու համար։
Ավելի վաղ, պատասխանելով Արմինֆո գործակալության հարցին, Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը կոչ էր արել չվախենալ պետական պարտքի ավելացումից, եթե դա արվի երկրի տնտեսական ներուժի մեծացմանը նպակաուղղված ծրագրի իրականացման համար: «Եթե կա կոնկրետ ծրագիր, որը թույլ կտա խթանել տնտեսական աճը, պետք չէ վախենալ պարտք վերցնելուց, քանի որ հենց տնտեսության աճով մենք պետք է լուծենք պետական պարտքի կայունացման խնդիրը՚, - հայտարարել էր նա: Նա ընդգծել էր, որ կապիտալ ծախսերի ավելացման ճանապարհով կարելի է տնտեսական աճ ապահովել։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայաստանը վերանայել է երկրի ֆիսկալ կանոնները՝ պետական պարտքի համար թույլատրելի շեմը սահմանելով ՀՆԱ-ի 40, 50 և 60 տոկոսի չափով։ Դրա հետ մեկտեղ սահմանել է, որ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, պատերազմները, կառավարությանը թույլատրվելու է գերազանցել այդ շեմը: Ինչպես այն ժամանակ նշել էին Ֆինանսների նախարարությունում, նոր ֆիսկալ կանոնները ապագայում կկապեն այն գործիչների ձեռքերը, որոնք նախընտրական ծրագրերի շրջանակներում կորոշեն գնալ կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացման։