Արմինֆո. 2018 թվականին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան կազմել է ընդամենը 557 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը` ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Չնայած այն հանգամանքին, որ նկատվում է վերընթաց միտում, սակայն, ցավոք, մենք չենք հասել այն ցուցանիշներին, որոնք գրանցվել են 2013 թվականին՚, - ասել է նա, նկատելով, որ անցած տարվա արդյունքներով Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.7 մլրդ դոլար, մինչդեռ արտահոսքը հասել է 1.2 մլրդ դոլարի:
Այս հարցում այլ կարծիք է հայտնել ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանը: «Դուք ասում եք, ցավոք, բայց, իմ կարծիքով, որքան քիչ է կախվածությունը արտաքին ռեսուրսներից, այնքան ավելի զարգացած կլինի տնտեսությունը, իսկ քաղաքացիները կունենան իրենց պահանջներին համապատասխանող աշխատանք՚:
Ա.Հանեսյանն ընդգծել է, որ ավելի նախընտրելի կլիներ արտաքին ռեսուրսների մուտքը ներդրումների տեսքով, որոնց մակարդակը դեռևս բավականին ցածր է: «Միջին հաշվով, երկրի տնտեսության մեջ ուղղակի ներդրումները կազմում են 250 մլն դոլար, ինչը 10 անգամ քիչ է, քան հարեւան Վրաստանում՚, - նկատել է ՀԲՄ նախագահը:
Հայաստանի տնտեսության զարգացումը, ըստ Ա.Հանեսյանի, հիմնականում, այսօր կախված է բանկային վարկավորումից: «Իսկ ճիշտ է, երբ տնտեսական աճի գործոն է ծառայում արդյունավետ դինամիկ զարգացող կապիտալի շուկան: Ես հույս ունեմ, որ իրավիճակը ժամանակի ընթացքում կբարելավվի, եւ ներդրողների վստահությունը հայկական շուկայի նկատմամբ կբարձրանա։ Մենք մտադիր ենք նպաստել այդ գործընթացին երկրի, տնտեսության ճիշտ դիրքավորման եւ լավ բիզնես ծրագրերի մշակման միջոցով՚, - եզրափակել է նա։
Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի նկատմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը 2019 թվականին կկազմի 3,5 տոկոս, իսկ 2020 թվականին՝ 3,9 տոկոս: Իսկ Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ՀԲ-ն 2019 թվին կանխատեսում Է 4,3 տոկոս, իսկ 2020 թվին՝ 4,6 տոկոս, ընդ որում ՝ ավելի մեծ աճ կգրանցվի արդյունաբերական հատվածում՝ 2019 թվին 6,1 տոկոս, 2020 թվին` 5,3 տոկոս։
ՀՀ ԿԲ տվյալներով, 2018 թվականին ֆիզիկական անձանց Հայաստան փոխանցումների ներհոսքի աճը դանդաղել է 2017-ի 14,6 տոկոսից մինչեւ 1,7 տոկոս՝ կազմելով 1.786 մլրդ դոլար, իսկ փոխանցումների արտահոսքի աճի տեմպերն աննշան դանդաղել են
2017 թվիի 21,2%-ից մինչև 20,1% 2018 թվին՝ կազմելով 1.188 մլրդ դոլար։ Դա վատթարացրել է փոխանցումների զուտ ներհոսքի դինամիկան 2017 թվի 7,1% աճից մինչև 22,1% անկում 2018 թվին` կազմելով 597.2 մլն դոլար: Ներհոսքում Ռուսաստանի բաժինը 2018 թվականին 60,6 տոկոսից նվազել է մինչեւ 58,8 տոկոս, իսկ արտահոսքում, ընդհակառակը, 38 տոկոսից աճել է մինչեւ 39,7 տոկոս:
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018թ.հունվար-սեպտեմբերին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 10,8% - ով ՝ մինչև 1.7 մլրդ դոլար: Ընդհանուր օտարերկրյա ներդրումներում ՈՒՕՆ մասնաբաժինը 2018 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 22,6% (նախորդ տարվա 30,7% - ի դիմաց) կամ 385.4 մլն դոլար, ինչը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 18,4% - ով: 2018 թվականի օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տվյալները դեռ ամփոփված չեն։
ԱրմԻնֆոյի պատրաստած Հայաստանի Բանկերի ֆինանսական վարկանիշի 31.12.2018 թ. տվյալներով, տնտեսության բանկային վարկավորման ծավալը կազմել է 2.1 տրլն դրամ, տարեկան դինամիկայի 2017թվի 1% անկումից 2018 թվին հասնելով 8.8% աճի: Ըստ վարկավորման ծավալների տնտեսության գերակա ճյուղերն են ՓՄՁ, առևտրի ոլորտը և արդյունաբերական հատվածը։