Արմինֆո.<Հայատոմ> ԳՀԻ-ն սահմանված ժամկետներում ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի համար երրորդ սերնդի հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգի /ՀՊԱՀ/ երկու կոմպլեկտների արտադրության աշխատանքները:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է <Հայկական ԱԷԿ> ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, <Հայատոմ> ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը:
Նրա խոսքով, ինստիտուտը, լինելով Հայաստանում միակ կառույցը, որը ունի անվտանգության կարևոր մեխանիզմների և համակարգերի նախագծման ու պատրաստման լիցենզիաներ, սահմանված ժամկետներում կատարել է այդ աշխատանքը: Երկու կոմպլեկտներն էլ հանձնվել են ՀԱԷԿ-ին, սակայն սուբյեկտիվ պատճառներով նախագծի՝ <կապակցմանը> անպատրաստության հետևանքով դրանք դեռ չեն տեղադրվել: <Հուսով եմ, որ այս տարի այդ հարցը կլուծվի, հին համակարգերը կապամոնտաժվեն, և նորերը կտեղադրվեն>, - ընդգծել է գլխավոր տնօրենը: Երրորդ սերնդի ՀՊԱՀ տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն կոչված է ապահովելու ՀԱԷԿ-ի ռեակտորի անվտանգ աշխատանքը, այլև իրականացնելու է ամբողջ համակարգի մոնիթորինգ: Երեք բալ հզորությամբ երկրաշարժի դեպքում համակարգը գնահատում է իրավիճակը ողջ հարթակում և տեղեկատվություն է տալիս կայանի անձնակազմին, իսկ 6 բալ և ավելի ցնցման դեպքում անջատում է ռեակտորային կայանքը: Նման համակարգ է տեղադրվել նաև Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկում։ <Արտասահմանյան անալոգների համեմատությամբ մեր ՀՊԱՀ-ն առանձնանում է ավելի ցածր գնով և բարձր որակով>, - վստահեցրել է գլխավոր տնօրենը: Նա ափսոսանք է հայտնել Հայաստանի սահմաններից դուրս նախագծերի իրականացման ժամանակ բարդ մրցութային ընթացակարգերի կիրառման առնչությամբ: <Անհրաժեշտ է գրանցվել ռուսական հարթակում, որից հետո ներկայացնել մրցույթին մասնակցելու փաստաթղթեր, որոնք բավական բարդացված են արտասահմանյան ընկերությունների համար, և մինչև վերջ դեռ պարզ չէ, թե որքանով են այդ մրցույթները հիմնավորված>, - փաստել է Վահրամ Պետրոսյանը:
Միաժամանակ նա հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից հայ գիտնականների մշակման նկատմամբ մեծ հետաքրքրության մասին: Խոսքը, մասնավորապես, ՀՊԱՀ օգտագործման մասին է միջուկային պայթյունների փորձերի ուսումնասիրման և տարբեր փորձարկումների ժամանակ։ Համակարգի տվիչները կարող են արձագանքել թե պայթյունների հաճախականությանը, թե սեյսմիկ ռիսկերին ։ <Երկու օր առաջ ես հրավեր ստացա գործակալությունից՝ ներկայացնելու մեր համակարգերը ընթացիկ տարվա սեպտեմբերին ՄԱԳԱՏԷ - ի համաշխարհային խորհրդաժողովում> , - ընդգծել է ԳՀԻ-ի գլխավոր տնօրենը: