Արմինֆո.Հայաստանի ռեստորանները նպատակ ունեն դառնալ առաջինը տարածաշրջանում, և դրա համար անհրաժեշտ հնարավորությունները կան երկրում։ Մարտի 23-ին Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի (Armenian Restaurants Assotiation - ARA) հիմնադիրների առաջին ժողովում նման կարծիք է հայտնել Yeremyan Projects-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ։
«Զբոսաշրջիկը պետք է ցանկանա իր ճանապարհորդությունը սկսել Հայաստանից, իսկ հետո արդեն ուղեւորվի տարածաշրջանի այլ երկրներ։ Դրա համար մենք պետք է միավորվենք։ Եվ իրար չդիտարկել որպես մրցակիցներ, այլ ընդհակառակը, ճիշտ կազմակերպենք համատեղ աշխատանքը՚, - ընդգծել է նա։ Գործարարը նշել է, որ հայկական խոհանոցը ոչնչով չի զիջում չինականին, ֆրանսականին, իտալականին և այլն: Ավելին, այս համատեքստում Դ.Երեմյանը նկատել է, որ Հայաստանը առավելություններ ունի բնական գյուղմթերքների առկայության առումով, որոնց չի կարելի հանդիպել այլ երկրներում:
Չնայած ոլորտի դինամիկ զարգացմանը՝ փորձագետն առանձնացրել է մի շարք խնդիրներ երկրի ռեստորանային բիզնեսում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Շարունակելով ասվածը՝ Դ. Երեմյանը նշել է, որ այսօր ռեստորանների խնդիրն է պետական կառույցների հետ աշխատանքի ճիշտ կազմակերպումը: «Մենք պետք է մեզ դիրքավորենք ոչ միայն որպես հարկատուներ եւ ձեռնարկատերեր, այլ` այնպիսիք, որոնք մեծ ներդրում ունեն երկրի զբոսաշրջության, գինեգործության, գյուղատնտեսության զարգացման գործում, այդ թվում ՝ ներդրումների տեսանկյունից՚, - ասել է գործարարը: Ընդ որում, նա նշել է, որ այսօրվա դրությամբ կառավարության հետ երկխոսության տեսանկյունից որոշակի առաջխաղացում կա: «Մեր ձայնն այսօր լսում են, և մենք գոհ ենք կառավարության վարած քաղաքականությունից։ Մեր տարբերակն ընդունվել է` գնաճը ոչ պակաս, քան 4% (4% նպատակային շեմին +/-1,5 - խմբ.), իսկ դա նշանակում է, որ ոլորտը չի զսպի գնաճը՚։
Նա նաև ընդգծել է, որ որոշակի խնդիրներ կան նաև միջազգային հարթակում դիրքավորման հետ կապված։ «Մենք քիչ ենք լինում տարբեր միջազգային միջոցառումների, թեև պետք է այնտեղ լինել և պատշաճ կերպով ներկայացնել մեր խոհանոցը։ Եվ ինչու չէ, նման խոհարարական միջոցառումներ անցկացնել Հայաստանում, որպեսզի այլ երկրների հայտնի խոհարարներն ու ռեստորանատերերը ծանոթանան մեր երկրին ու ազգային խոհանոցի առանձնահատկություններին։ Դա պետք է լինի մեր ասոցիացիայի պարտավորությունը։ Քայլ առ քայլ մենք պետք է հասնենք այդ նպատակին՚, - ասել է նա։
Որպես մեկ այլ առանցքային խնդիր նա նշել է խոհարարների եւ սպասարկող անձնակազմի իմիջի բարձրացումը: Երկրի առաջատար գործարարներից մեկի կրածիքով, այսօր պետք է աշխատել սպասարկման որակի զարգացման եւ բարձրացման ուղղությամբ:
Բացի այդ, Դ.Երեմյանը նշել է երկրի մարզերում ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ընդլայնման անհրաժեշտությունը: «Մենք պետք է զարգացնենք ռեստորանների եւ հյուրանոցների բոլոր հետաքրքիր կոնցեպտները Երեւանից դուրս՚, - պնդել է գործարարը:
Նշենք, որ Yeremyan Projects-ը Հայաստանի ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնողն է, որի մեջ մտնում են Հայաստանի մի շարք առաջատար ռեստորաններ, այդ թվում «Պանդոկ Երեւան՚ ռեստորանների ցանցը, արագ սննդի «Շաուրմա Երևան՚ ռեստորանների ցանցը, «Լավաշ՚, «Շերեփ՚ ռեստորանները եւ այլն:
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականին Հայաստանում հանրային սննդի և կեցության կազմակերպման ոլորտում տրամադրվել են 150.9 մլրդ դրամի ծառայություններ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ավելի է 32% - ով: -գ-