Արմինֆո. Մարտի 25-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուին:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) Հայաստանի համար տարվա կարևորագույն միջոցառումներից է և կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իվոն Չուն ասել է, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով և կարծիք հայտնել, որ երկիրը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ: Նա հավելել է, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի նկատմամբ և բոլոր նախադրյալները կան, որպեսզի այն լավագույններից մեկը լինի:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրին՝ ներկայացնելով նաև Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների մրցակցային առավելությունները: Նա ընդգծել է, որ WCIT 2019 հիանալի հնարավորություն է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի 82 անդամ-երկրների գործարարների համար ավելի լավ ուսումնասիրելու Հայաստանը, բացահայտելու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շահավետ փոխգործակցություն հաստատելու հայաստանյան ընկերությունների հետ:
Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերները՝ ուղղված Acer ընկերության հիմնադիր Սթեն Շիին և ՏՏԾՀԴ նախագահ Իվոն Չուին:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |