Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաև հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի, ինչպես նաև միջազգային մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ միջազգային տնտեսական և ֆինանսական զարգացումների, տնտեսական աճի, կապիտալի շուկաների և ֆինանսական տեխնոլոգիաների փոխկապվածության, համաշխարհային տնտեսության մարտահրավերների, ֆինանսական հոսքերի կառավարման և այլ հարակից թեմաների շուրջ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) անդամ է դարձել 1992 թ. ապրիլի 28-ին։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով 2009 թվականին կնքված համաձայնագրով ԱՄՀ-ն Stand-byArrangement ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել Է 127,6 մլն SDR (փոխառման հատուկ իրավունքներ) վարկ, իսկ հետագայում ՙերկարաժամկետ վարկային գործիք՚ (Extended Credit Facility (ECF) ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև 2010 և 2012թթ. կնքված համաձայնագրերի հիման վրա ՀՀ կառավարությանը տրամադրվել է 101.8 մլն SDR: 2014-2017թթ. ԱՄՀ-ն երկրին ծրագրային աջակցություն է ցուցաբերել ՙԵրկարատև ֆինանսավորման՚ (EFF) շրջանակներում: Ծրագրի նպատակն է աջակցել երկրի տնտեսությանը վճարային հաշվեկշռի, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության աջակցության միջոցով: Ս. թ. փետրվարի վերջին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին Հայաստան կատարած երկշաբաթյա այցի արդյունքներով հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստ է ՀՀ կառավարության բարեփոխումներին աջակցել 250 մլն մլն դոլար բյուջեով կանխարգելիչ բնույթի վարկային ծրագրով: