Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ նախարարների, պետական գերատեսչությունների ղեկավարների, Երևանի քաղաքապետի, Կենտրոնական բանկի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել է վարչապետի կողմից` ՀՀ կառավարության փետրվարի 15-ի նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Հանձնարարականները վերաբերում էին տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ղեկավարները ներկայացրել են ըստ իրենց ոլորտների իրականացվող աշխատանքները, միջանկյալ արդյունքները և առաջիկա անելիքները:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նպատակն աշխատասեր, ստեղծագործ և օրինապահ քաղաքացուն խթանելն է, և գործադիրն իր ունեցած գործիքակազմով պետք է աշխատի այդ ուղղությամբ՝ հնարավորինս արագ, դյուրին և արդյունավետ:
Ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու և ընդհանրապես տնտեսական հեղափոխությունը հաջողելու համատեքստում վարչապետը կարևորել է գործընթացների թվայնացումը, ընթացակարգերի հստակ սահմանումը և այս ուղղություններով կոնկրետ արդյունքների միտված քայլեր իրականացնելու հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջգերատեսչական համակարգված աշխատանքը և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել էր տնտեսական հեղափոխության առաջնահերթությունները եւ տվել առաջին հանձնարարականները: Նա ներկայացրել է մի քանի ուղղություններ և հանձնարարություններ, որոնցով պետք է առաջնորդվեն կառավարությունը և առանձին նախարարությունները ՝ ընդգծելով, որ ցուցակը ներկայացված է ոչ թե միջոցառումների առաջնահերթությամբ, քանի որ դրանք զուգահեռաբար են անցկացվելու ։ Այսպես, վարչապետը հանձնարարել էր՝ 1.Վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված պրոբլեմները, կենտրոնացնել տեղեկատվությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: 2.Կարգավորումների ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով: 3.Արագացնել Ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը: 4.Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից: 5.Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով: 6.Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, ովքեր ամսական 100.000 դրամ և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից: 7.Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել: 8.Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել: 9.Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: 10.Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության և մյուս հեռուստաընկերությունների հետ: 11.Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում: 12.Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջ ուղղությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար: 13.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ: 14.Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը: 15. Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել: