Արմինֆո. Պետությունը ագրոապահովագրության նախագծի շրջանակում կսուբսիդավորի ապահովագրի արժեքի 50%-ը (նախկինում նշված 60-65% - ի դիմաց-խմբ.): Այդ մասին ապրիլի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։
Նա նշել է, որ ագրոապահովագրության պիլոտային նախագիծը մեկնարկել է արդեն Արմավիրի, Արարատի, Արագածի, Տավուշի, Վայոց Ձորի եւ Կոտայքի մարզերում:
Սկզբնական փուլում, ինչպես նշել է Գ. Գեւորգյանը, ապահովագրությունը կվերաբերի ծիրանին եւ խաղողին, իսկ ապահովագրության ենթակա ռիսկեր են սահմանված կարկուտն ու ցրտահարությունը:
ՙԱգրոապահովագրության ոլորտում ռիսկերի ազգային կառավարման բյուրոն արդեն ստեղծվել է։ Ապահովագրական ընկերություններն արդեն միացել են այդ գործընթացին և այժմ հստակեցնում են ագրոապահովագրության ապահովագրերի հետագա սպասարկման ներքին մեխանիզմները։ Կարծում եմ, որ 1-2 ամսվա ընթացքում ապահովագրական ընկերությունները կհայտարարեն գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ապահովրագրերի վաճառքի մեկնարկի մասին՚, - ասել է նա։
Հիշեցնենք, որ պիլոտային նախագծի շրջանակներում վերաապահովագրությամբ կզբաղվի աշխարհում խոշորագույն շվեյցարական ՙSwiss Re՚ ընկերությունը, սակայն Հայաստանում ագրոապահովագրության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ իտալական վերաապահովագրական բրոքերային ՙBruno Sforni S. p A՚ ընկերությունը:
Վիճակագրական տվյալներով ՝ համախառն գյուղմթերքի ծավալը նվազում է. անկումը 2018-ին 2017-ի 3% - ից արագացել է մինչև 7,6%, ՀՆԱ-ում մասնաբաժինը նվազեցնելով 16,3 տոկոսից մինչեւ 14,8 տոկոս։
Գյուղնախարարության տվյալներով ՝ Հայաստանում ագրոապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման համար Գերմանական KfW բանկը պետք է տրամադրի 5.3 մլն եվրո դրամաշնորհ։ Դրամաշնորհի 4.8 մլն եվրո հիմնական գումարը պետք է ուղղորդվի բացառապես ֆերմերների կողմից ապահովագրերի գնման սուբսիդավորմանը։ Մնացած 515 հազար եվրոն կհատկացվի խորհրդատվության հետ կապված ծախսերը հոգալու համար։ Ընդ որում, ՀՀ կառավարությունը՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, ծրագրի համաֆինանսավորմամբ հանդես կգա 5 մլն եվրոյի չափով։ Կլիմայի ներդրումային հիմնադրամը (Climate Investment Funds) նույնպես կտրամադրի 2 մլն եվրո, որից 200 հազար եվրոն կուղղորդվի ապահովագրերի գնման սուբսիդավորմանը, իսկ 1.8 մլն եվրոն՝ խորհրդատվական ծառայությունների համար: Խորհրդատվությամբ զբաղվելու է երեք ընկերություններից բաղկացած կոնսորցիումը։ Ագրոապահովագրության ոլորտում ռիսկերի ազգային կառավարման բյուրոյի ստեղծման, կադրերի վերապատրաստման եւ գնահատողի ինստիտուտի ձեւավորման, ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ խորհրդատվական ընկերության ծառայությունների համար կհատկացվի 1.9 միլիոն եվրո։