Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը կհանգեցնի կայանի հզորության 10% աճի։ Այդ մասին ապրիլի 18-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ կայանի հզորության ավելացումը կհանգեցնի լրացուցիչ 400-500 մլն կվտ/ժ համեմատաբար էժան էլեկտրաէներգիայի մուտքին շուկա, ինչը կարող է հիմք դառնալ երկրում էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման համար։ Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 2019 թվականին կայանում կիրականացվեն լայնածավալ աշխատանքներ, որոնք, հիմնականում, կավարտվեն 2020 թվականին: Ընթացիկ տարում Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 5-6 ամսով, ինչը պետք է լրացուցիչ բեռ դառնար սպառողների համար վերջնական սակագնի համար: Այդուհանդերձ, նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ ձեռնարկված քայլերի արդյունքում սակագնի որևէ փոփոխություն չի լինի։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԷԿ գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սեւիկյանը նշել էր, որ նախագծի իրականացման նպատակով կնքվել են 205 մլն դոլարի սարքավորումների մատակարարման պայմանագրեր: Կատարված աշխատանքների եւ առաքված սարքավորումների ծավալը կազմում է 140 մլն դոլար: Նախագծի իրականացումը թույլ կտա երկրորդ էներգաբլոկի հզորությունը բարձրացնել 10-12% - ով՝ ներկայիս 380-400 ՄՎտ-ից մինչեւ 420-430 ՄՎտ: Դա, իր հերթին, հնարավորություն կտա անցավ սպասարկել ռուսական 270 մլն դոլարի վարկը։ Ընթացիկ տարում, ինչպես եւ 2018 թվականին, մեծ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն կայանի մեքենայական դահլիճում, կփոխարինվի երկրորդ գեներատորը եւ այլ օժանդակ համակարգեր: Անհրաժեշտ է նաեւ արդիականացնել ռեակտորի կառավարման եւ պաշտպանության համակարգը, որը կարեւորագույն համակարգերից մեկն է: Բացի այդ, ռեակտորի վերին գմբեթին կկատարվեն վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ, ինչը նախատեսված է կայանի կոնստրուկտորի կողմից ՝ ի դեմս ռուսական ՙՀիդրոպրես՚ ընկերության: Կփոխարինվեն նաեւ պոմպերի տարրերը, ամրաններ, խողովակաշարերի մասեր։ Այդ նպատակով ռեակտորը պլանային վերանորոգման կկանգնեցվի ապրիլի 15 - ից, իսկ վերակառուցման ենթակա տուրբինը ՝ ս.թ. հունիսից: Ռեակտորի վերանորոգումը կտևի 110 օր, իսկ վերակառուցման ենթակա տուրբինինը՝ 5-6 ամիս: Գերա Սեւիկյանը նշել էր նաեւ, որ ընթացիկ տարում չի հաջողվի ամբողջությամբ կատարել ամբողջ ծրագիրը, այդ պատճառով աշխատանքների մի մասը կկատարվի 2020-2021 թվականներին: Նրա խոսքով, ժամկետների տեղափոխումը պայմանավորված է աշխատանքների ավելի ուշ մեկնարկով: Մասնավորապես, կատարվել է համալիր հետազոտություն, և նախորդ տարեվերջին անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ ծավալի աշխատանքներ իրականացնել։