Արմինֆո. Հայաստանը պետք է դառնա բարձրտեխնոլոգիական երկիր, որտեղ տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնա բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Այդ մասին ապրիլի 22-ին ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, տնտեսական հեղափոխության արդյունքում երկրի առաջատար ձեռնարկությունները, որոնք կոչված են առավելագույն արդյունք գեներացնելու, կդառնան ոչ թե բնական մենաշնորհներն ու հանքարդյունաբերությունը, այլ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունները: Մինչդեռ, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, վերջին տարիների ընթացքում հենց բնական մենաշնորհատերերն ու հանքարդյունաբերողները են հանդես եկել որպես հանրապետության խոշորագույն հարկատուներ:
Հենց այդ տրամաբանության շրջանակներում էլ, ինչպես ընդգծել է վարչապետը, կառուցվում են պատկերացումներ տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու մասին։
Միևնույն ժամանակ, ըստ Փաշինյանի, այս քաղաքականությունը ենթադրում է աշխատաշուկայի ապահովում բարձր որակավորում ունեցող կադրերով։ ՙԱյստեղից բխում է տնտեսական հեղափոխության հաջորդ աստիճանը, որը ենթադրում է լուրջ բարեփոխումներ բարձրագույն կրթության ոլորտում՚, - նշել է նա:
Փաշինյանի խոսքով՝ հենց բարձրագույն կրթության ոլորտն է պատասխանատու մրցունակ կադրերով ապահովելու համար։ Դա, ինչպես կարծում է վարչապետը, նշանակում է, որ ոլորտում պետք է ավելանա հետազոտական աշխատանքների մասնաբաժինը:
Բացի այդ, ինչպես նշել է վարչապետը, տնտեսական հեղափոխության իրականացման շրջանակներում կառավարությունը նախատեսում է պետծառայողների աշխատավարձերի բարձրացում: Այդ նպատակին է կոչված 23 տոկոս եկամտահարկի հարկման հարթ սանդղակի սահմանումը՝ առաջիկա տարիների ընթացքում մինչեւ 20 տոկոս նվազեցմամբ: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է Փաշինյանը, կառավարությունը կխրախուսի անհատներին ցուցակվել ֆոնդային բորսաներում:
Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխության իրականացման եղանակին, ապա, ինչպես պարզաբանել Է վարչապետը, ինքը, ինչպես եւ քաղաքական հեղափոխության իրականացման ժամանակ, կկենտրոնանա քաղաքացիների անհատական ջանքերի խրախուսման վրա։ ՙԴա, իր հերթին, ենթադրում է երկրի քաղաքացիների տնտեսական վարքագծի վերանայում՚, - նշել է Նիկոլ Փաշինյանը: