Արմինֆո.Ապրիլի 22-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, «Ինժեներական քաղաք»-ն ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսված են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում և վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, Start-up-երի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում և արտահանման ծավալի աճ:
Զոհրաբ Մնացականյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներին ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ՏՏ ոլորտի զարգացումը հնարավորություն է ընձեռել առավել մեծ ուշադրություն կենտրոնացնելու հայրենական արտադրության վրա: Կարևորվել է ոլորտի դերը ինժեներիայի և գիտության զարգացման համար նպաստավոր նախադրյալների ստեղծման և մեծ պահանջարկ վայելող մասնագետների պատրաստման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարության կողմից որդեգրված խելացի զարգացման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է, իսկ ինչ վերաբերում է ՏՏ ոլորոտին, ապա այստեղ Հայաստանը դեռ շատ ասելիք ունի:
Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում հայակական արտադրանքը ներկայացնելու հնարավորությունների դիտարկման և նոր շուկաների բացահայտման ուղղությամբ փոխշահավետ համագործակցության խթանման անհրաժեշտությունը:
Նախարարն այցելել է նաև Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարաններ, ինչպես նաև գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |