Արմինֆո. Քաղաքացիություն ներդրումների դիմաց (անգլ. ՝ Citizenship by Investment կամ CBI) հայեցակարգը լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում: 2017 թվականի մայիսին Հայաստանում տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարարի հետ հանդիպման ժամանակ դրա մասին առաջին անգամ խոսեցին Կանադայում գրանցված Arton Capital ընկերության ներկայացուցիչները, որը մասնագիտացած է ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանալու ծրագրերում։
Ընկերությունն այնուհետև պատրաստեց զեկույց, որում, ի թիվս այլ բաների, նշել է, որ ՙներդրողի վիզայի՚ նույնիսկ 50 հազար դոլար ցածր գնով, վեց տարվա ընթացքում Հայաստանը կարող է վաստակել մոտ 140 մլն դոլար: Մինչդեռ այսօր բաց է մնում այն հարցը, թե Հայաստանը երբ կարող է մտնել այն երկրների էլիտար ակումբ, որոնք օտարերկրացիներին հնարավորություն են առաջարկում քաղաքացիություն ձևակերպել ներդրումների դիմաց՝ արագ, շահավետ և օրինական։ Պարզաբանումների համար Արմինֆո-ի թղթակիցը դիմել է Arton Capital ընկերության նախագահ Արմանդ Արթոնին:
Պարոն Արթոն, 2017 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հետ ձեր հանդիպումից հետո գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց, որ Arton Capital-ի հետ համագործակցությունը կնպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Որքանո՞վ եք առաջ գնացել այդ գաղափարի իրականացման գործում։
ՙArton Capital՚ ընկերությունն ընտրվել է ՙԱջակցություն միգրացիային և սահմանների կառավարմանը՚ ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքում: 2017 թվականի մայիսին ընկերության ներկայացուցիչները Հայաստան էին այցելել միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD ՝ Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություն) հրավերով, որը ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ - ում իրականացրել է այդ ծրագիրը:
Նույն թվականի սեպտեմբերին Arton Capital-ը պատրաստեց զեկույց՝ նվիրված Հայաստանի համար ՙքաղաքացիության տրամադրում ներդրումների դիմաց՚ նախագծին։ Փաստաթղթում խոսվել է ծրագրի առանցքային տարրերի, նախագծի թույլ և ուժեղ կողմերի մասին, ներկայացվել են նաև ռիսկի գործոնների մեղմացման ռազմավարություններ։ Մենք հանդես ենք եկել հանձնարարականներով՝ մշտական բնակության վայր եւ քաղաքացիություն ստանալու դիմաց օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու նպատակով: Մենք նաեւ առաջարկել ենք այդ հնարավոր ծրագրի. ոդելը եւ բուն ձեւը, կառուցվածքը: Դա մեր վերջնական խնդիրն էր այդ նախագծի վերաբերյալ: Ի դեպ, Arton Capital-ը մատուցած ծառայությունների համար ողջ հոնորարը նվիրաբերել է Հայաստանի Կարմիր խաչի ընկերությանը, ինչի շնորհիվ փախստականների ընտանիքների երեխաների երկու խումբ ամառային ճամբարներ են ուղարկվել Ծաղկաձոր:
Վեհանձնություն է: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում մայիսյան հանդիպումից հետո այնպիսի տպավորություն էր, որ ՙքաղաքացիություն ներդրումների դիմաց՚ ծրագրի հայեցակարգը ստացել է իշխանությունների աջակցությունը: Նախարարությունում ձեր ընկերությունը որակեցին փորձառու կազմակերպություն ՝ ավելի քան 15 քաղաքներում ներկայացուցչություններով, հայտարարեցին, որ նման նախագծերում Ձեզ հաջողվել է ներգրավել ավելի քան 3 մլրդ դոլարի ներդրում: Մինչդեռ, այսօր հայտնի չէ, թե երբ այն կիրագործվի և, ընդհանրապես, արդյո՞ք կիրագործվի։
Ներկայիս կառավարությունը դրա նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում։ Միևնույն ժամանակ, ընկերությունում հասկանում են, որ 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել ՙթավշյա հեղափոխություն՚ և խաղաղ իշխանափոխություն, և արդեն նոր կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ գործարկել նախագիծը, թե ոչ։ Մենք տեսնում ենք, որ ՙքաղաքացիություն ներդրումների դիմաց՚ մեխանիզմը հիմնական գերակայություն չէ նոր իշխանությունների համար: Միևնույն ժամանակ, մենք հիշում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրողների ներգրավումը հռչակեց իր նոր կառավարության գերակայություն։ Իսկ այս տեսանկյունից պետք է հասկանալ, որ մեր առաջարկած ծրագիրն արդյունավետ մեխանիզմ է ՀՀ-ում նոր տիպի ներդրողներ ներգրավելու համար։
Ի՞նչ է իրենից ներկայացնում ՙքաղաքացիություն ներդրումների դիմաց մեխանիզմը: Ո՞վ է նա՝ այդ նոր ներդրողի տեսակը:
Կան հարուստ մարդիկ, որոնք գնում են անշարժ գույք, զբոսանավեր, կան նաև այնպիսիք, որոնք գնում են քաղաքացիություն ավելի մեծ շարժունակության համար՝ զբոսաշրջության, բիզնեսի նպատակով: Գործարկելով ծրագիրը շատ այլ պետությունների՝ Կիպրոսի, Պորտուգալիայի, Մալթայի , օրինակով, Հայաստանը կարող է ներգաղթի գրավիչ հնարավորություններ առաջարկել երրորդ երկրների օտարերկրացիներին՝ անշարժ գույքի ձեռքբերման եւ այլ ներդրումային տարբերակների դիմաց:
Ինչպես փորձը ցույց է տալիս, ամենից շատ ներդրողներ են գալիս ասիական երկրներից, եւ դրանց 50 տոկոսը ՝ Չինաստանից։ Երկրորդ խոշոր շուկան (30%) Մերձավոր Արեւելքն է՝ ներդրողներ, որոնք ներկայացնում են լայն աշխարհագրական շրջանակ՝ Մարոկոյից մինչեւ Հնդկաստան: ՙՎիզային ներդրողների՚ շուկայի 15-20%-ի սպառողները նախկին Խորհրդային Միության երկրների ներկայացուցիչներն են։ Հայաստանի վերաբերյալ կարծում ենք, որ Մերձավոր Արեւելքի ունեւոր մարդիկ պատրաստ են միջոցներ ներդնել հայկական տնտեսության մեջ այն պարզ պատճառով, որ հանրապետությունը գտնվում է տարածաշրջանից ոչ հեռու, որտեղ տիրում է քաղաքական անկայունություն: Եվ, ի դեպ, նրանցից շատերը քրիստոնյա են, և իրենց անվտանգ կզգան հենց քրիստոնեական Հայաստանում։
Երկրները, որոնք առաջարկում են այդպիսի ծրագրեր, օտարերկրացիներից պահանջում են տարբեր մակարդակների ներդրումներ՝ քաղաքացիություն ստանալու համար: Չնայած այն հանգամանքին, որ բուն զեկույցում չի խոսվում կոնկրետ արձանագրված գնի մասին, մեր ընկերությունն առաջարկել է սակագների որոշակի միջանցք՝ ՙայսքանից մինչև այսքան՚։ Այսինքն, հայաստանյան շուկա մուտք գործելիս խելամիտ կլիներ կողմնորոշվել դեռ փոքր գումարով՝ 50 հազար դոլարի չափով ՝ որպես նվազագույն ներդրումային գումար Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու ցանկություն ունեցող օտարերկրացու համար։ Զեկույցի համաձայն, նույնիսկ նման ցածր շեմի դեպքում Հայաստանի տնտեսությունը 3 տարվա կտրվածքով կստանա ավելի քան 100 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ։
Դրա համար փորձագետները Հայաստանի կառավարությանը խորհուրդ են տվել պոտենցիալ արտասահմանյան ներդրողներին առաջարկել երկու ներդրումային տարբերակ՝ 50.000 դոլարի (վերադարձման ենթակա չէ) ուղղակի ներդրում պետական ֆոնդ կամ 100.000 դոլարի ներդրում պետական պարտատոմսերում՝ զրոյական արժեկտրոնի դեպքում, այսինքն՝ զրոյական դրույքաչափով: Հնարավոր է նաեւ 100,000 դոլարի ներդրում "equity", այսինքն, այն ընկերության կանոնադրական հիմնադրամում, որը կառավարության կողմից ընտրվել է ակտիվների կառավարման համար, այս անգամ՝ ներդրումային օգուտ ստանալու հնարավորությամբ: Բացի այդ, ընկերությունը Հայաստանին ն առաջարկում է ներդնել երկու տեսակի միջնորդավճարներ։ Առաջինը ՝ մինչև 10 հազ դոլար անվերադարձ սպասարկման վճար, և երկրորդը՝ առանց գումար նշելու, պետք է հոգա քաղաքացիությունը ստանալու հավակնորդների նախորդ գործունեության և նրանց եկամտի աղբյուրների ստուգման ծախսերը։
Հասկանալու համար, թե որքանով է դա ձեռնտու պետությանը, ասեմ, որ արտաքին շուկաներում պետական փոխառության դրույքաչափը միջին հաշվով 7 տոկոս է, իսկ զրոյական արժեկտրոնի դեպքում իշխանությունները կխնայեն տոկոսներով։
Ներկայումս Arton Capital-ը առաջ է տանում նաեւ Global Citizen Tax նախաձեռնությունը, որի լոբբինգ է իրականացվում ԵՄ երկրներում, որն ուղղված է ՙվիզային ներդրողների՚ ներդրումների համար լրացուցիչ 5 տոկոս հարկի սահմանմանը, որոնք հետագայում կուղղորդվեն փախստականների հետ կապված խնդիրների լուծմանը: Այսպիսով, հարուստ հաճախորդների փողը կօգներ պակաս ապահովվածներին: Հայաստանում նույնպես դա արդիական թեմա է՝ հաշվի առնելով անհանգիստ Սիրիայից ժամանող մեր հայրենակիցների ինտեգրումը։
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր կառավարությունն ի զորու է վերահսկել այդ գործընթացը՝ հաշվի առնելով փորձի բացակայությունը։
ՙՆերդրողի անձնագրի՚ հավակնորդների համար ներդրումների տեսքով սակագների որոշակի միջանցք սահմանելու շնորհիվ, ինչպես նաեւ նրանց ընտրության խիստ չափանիշների առկայությունը չպետք է անհանգստություն առաջացնեն Հայաստանի իշխանությունների մոտ։ Իհարկե, ընդ որում, պետք է հաշվի առնել նաև ներդրողի համար մի շարք ռիսկերի առկայությունը. հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ փակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կոռուպցիայի դեռևս ոչ լիակատար հաղթահարումը։
Բայց կան նաև դրական պահեր, քանի որ ՙլավ լուրերի՚ նախկին ցանկին՝ համաշխարհային տնտեսական կենտրոնների հհետ սերտգ կապերին, ինչպես նաև աշխարհագրական և մշակութային մերձավորությունը ռազմավարական կարևրո շուկաներին (ԵԱՏՄ, Իրան) կարելի է ավելացնել այնպիսի ՙբրենդ՚, ինչպիսին է հայկական ՙթավշյա հեղափոխությունը՚ և երկրում խաղաղ իշխանափոխությունը։
Հայաստանում ժողովրդավարական գործընթացները թույլ տվեցին միջազգային հանրությանը նորովի, ավելի դրական նայել հանրապետությանը։ Հենց սա է այն պատճառներից մեկը, թե ինչու մենք որոշեցինք այս տարի Global Citizen Forum - ը անցկացնել Հայաստանում։ Իսկ եթե Հայաստանը պայմանավորվի Շենգենյան գոտի առանց վիզայի մուտք գործելու մասին, ապա Հայաստանի անձնագիրը կտրուկ կբարելավի իր դիրքերը անձնագրերի համաշխարհային ինդեքսում։
Այսօր Հայաստանը մեր ընկերության կազմած ՙամենահզոր՚ անձնագրերով երկրների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է միջին 63-րդ տեղը, քանի որ ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 69 երկիր: Հարևան Ադրբեջանը զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը, նրա քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել 72 երկիր, իսկ ահա Վրաստանը մեզանից շատ առաջ է անցել՝ առանց մուտքի արտոնագրի մուտք ունենալով Շենգենյան տարածքի երկրներ՝ 38-րդ հորիզոնականը, քանի որ երկրի քաղաքացիների առջև բացվել են 116 երկրների դռներ։
Ի՞նչ եք կարծում, ո՞ր մոդելն է ավելի ընդունելի Հայաստանի համար:
Ծրագրի ներդրման մոդելի ընտրությունը Հայաստանի կառավարության բացառիկ առանձնաշնորհն է։ Իմ կողմից կարող եմ հավաստիացնել, որ որն էլ ընտրեն, ես, որպես հայ, հպարտ կլինեմ և ուրախ կլինեմ ցանկացած սցենարի և դերի համար, որը Հայաստանի Հանրապետությունը կորոշի Arton Capital ընկերության համար։ Մենք ոչ մի դեպքում չենք փորձում ընդգծել մեր դերը կամ մենաշնորհել շուկան։
Ծրագրի կառավարումը կարող են ստանձնել նաեւ անմիջականորեն երկրի իշխանությունները, վարձելով հեղինակավոր եւ պրոֆեսիոնալ օպերատորի՝ ներդրումային ներգաղթի փորձով, որը կարող է ապահովել դրա հաջող եւ կայուն գործունեությունը: Բացի այդ, մենք նույնիսկ ձգտում ենք մրցակցության, քանզի կարծում ենք, որ դա կապահովի ողջ ընթացակարգի թափանցիկությունը։ Այս համատեքստում մենք այս պահին աշխատում ենք եվրոպական լոբբիստական կազմակերպությունների հետ, որոնք քարոզում են մի ընկերության ձեռքում այդ ոլորտում ծառայությունների կենտրոնացման դեմ ուղղված գաղափարը։ Օրինակ, պոտենցիալ հաճախորդների տվյալների ստուգումը, որը կոչված է ապահովել նախագծի առավելագույն պաշտպանությունն անակնկալներից, մեր ընկերությունը իրականացնում է հեղինակավոր ամերիկյան, բրիտանական եւ կանադական գործընկերների հետ, որոնք ստուգում են ինչպես բուն ներդրողներին, այնպես էլ միջոցների ծագման աղբյուրները:
Պարոն Արթոն, Դուք հիշատակեցիք հայկական ՙկապույտ անձնագրի՚ համար պոտենցիալ շուկայի մասին՝ ի դեմս Մերձավոր Արեւելքի երկրների քաղաքացիների: Երկրի անվտանգության ապահովման համատեքստում մտահոգվելու հիմքեր չկա՞ն:
Քաղաքացիություն ստանալու ցանկացած թեկնածու այս մեխանիզմի շրջանակներում անցնում է խիստ ՙզտում՚, ուսումնասիրվում է նրա background-ը ծննդյան պահից մինչեւ փաստաթղթերի ներկայացման պահւ: Նրա ֆինանսական վիճակն այնքան մանրամասն ստուգվում է, որ կասկածելի անձին ավելի հեշտ է երկրում փախստականի կարգավիճակ ստանալ, քան դառնալ ծրագրի շահառու։ Այնպես որ, առանց որևէ կասկածի, ես կպատասխանեմ ձեզ, որ անհանգստանալու առիթ չկա:
Ու նաև՝ երբ ժամանակին Arton Capital-ը բանակցություններ էր սկսում ՀՀ կառավարության հետ, Մոլդովան նույնիսկ չէր էլ մտածում ծրագրի ստեղծման մասին։ Մենք խորհրդատվություն էինք վարում Մոլդովայի կառավարության հետ, եւ ահա արդեն մի քանի ամիս է, ինչ երկիրը գործարկել է այն։ Մենք նաև խոսակցություններ ենք վարում Վրաստանի կառավարության հետ՝ իրենց մոտ նման ծրագիր ներդնելու վերաբերյալ։ Արդեն 10-ից ավելի երկրներ՝ խաղաղօվկիանոսյան ավազանից մինչև Կարիբյան կղզիներ, այսօր Arton Capital-ի հետ խորհրդակցում են նման ծրագրերի ներդրման մեխանիզմների շուրջ։ Վերջերս Arton Capital-ը մեկն էր այն երեք ընկերություններից, որոնց Չեռնոգորիայի կառավարությունը հաստատել է քաղաքացիության ներդրումների դիմաց ներդրումային ծրագրի իրականացման և միջազգային շուկայում դրա խթանման համար: Չէ որ մեր արագ զարգացող աշխարհում շահում է նա, ով ժամանակին է արձագանքում և ռեսուրսները կենտրոնացնում է առանցքային ուղղություններով։