Արմինֆո. Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նկատել ենք, որ հայկական շուկայի նկատմամբ ամերիկյան բիզնեսի կողմից կայուն հետարքրքություն է ցուցաբերվում հիդրոէներգետիկայի, ՏՏ, ֆինանսների, մանրածախ առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում: Այս մասին մայիսի 15-ին Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Նրա խոսքով, այս շարքում է Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումը «Կոնտուր գլոբալե ընկերության կողմից, որը հանդիսանում է 250 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում: <Այս շարքում է նաև Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի կամ OPIC-ի աշխատանքը, որը վերջերս 20 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր արժողությամբ երեք վարկ տրամադրեց «Առաջին հիփոթեքայինե ընկերությանը, որն Հայաստանում գործող բնակարանների հիփոթեքային ֆինանսավորում իրականացնող առաջին մասնավոր ընկերությունն է: OPIC-ը նաև աջակցել է «Գազել ֆինանսե ներդրումային հիմնադրամի ընդլայնմանը, որը փոքր և աճի լավ տեմպեր ունեցող հայաստանյան ձեռնարկությունների համար ապահովում է խորհրդատվություն և բիզնեսի ընդլայնման ու աշխատատեղեր ստեղծելու համար անհրաժեշտ ֆինանսավորում>,- ընդգծել է դեսպանը:
Այնուամենայնիվ, նա համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը: <Վերջին տարիների Հայաստանի ամուր տնտեսական աճը, որը 2017թ. կազմել է 7%, իսկ 2018թ. 5%, ցույց է տալիս շարունակական վերընթաց աճի ներուժը, որը կարող է իրացվել կայուն տնտեսական գործունեության, ներդրումների և նորարարության համար նպաստավոր գործարար միջավայրի պարագայում: Գործարար շրջանակները սպասում են Հայաստանի կողմից արդարացի, կանխատեսելի և թափանցիկ ներդրումային միջավայրի ձևավորման ջանքերի շարունակմանը: Մենք սպասում ենք ՀՀ կառավարության լուրջ բարեփոխումներին՝ ուղղված կոռուպցիայի վերացմանը, հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը>,- ընդգծել է դիվանագետը:
<Մեր մասով կարող եմ ասել, որ ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի հետ բիզնեսի դյուրացմանն ուղղված աշխատանքներում, և կշարունակենք ներկայացնել այն լավագույնը, որ կարող են առաջարկել ամերիկյան ընկերությունները՝ առաջադեմ տեխնոլոգիաներ, հավասարը չունեցող իմացություն և փորձ, բիզնես մշակույթի բարձրակարգ ստանդարտներ: Նոր ներդրումներ կատարելու համար Հայաստանը որպես նպատակակետ դիտարկող և այստեղ իրենց գործունեությունն ընդլայնել ցանկացող ամերիկյան ընկերությունների հետ մենք աշխատում ենք առօրյա կտրվածքով: Մեր առևտրային և ներդրումային հարաբերությունների խորացմանը զուգընթաց մենք կշարունակենք աջակցել նրանց՝ այստեղ նոր գործընկերներ գտնելու հարցում և, ըստ անհրաժեշտության, հանդես կգանք նրանց շահերի պաշտպանության դիրքերից:
Մեր երկու երկրների բազմաթիվ ընդհանրական արժեքներից մեկն էլ այն է, որ մենք կարևորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ուղղությամբ ներդրումներն ու նորարարությունը՝ որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ: Հայաստանն աշխարհում առանձնանում է իր մարդկային կապիտալի պաշարներով: Բազմաթիվ ուղղություններում հայերը հայտնի են որպես նորարարներ ու գաղափարակիրներ>,- ասել է դեսպանը:
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի ընդհանուր տնտեսական հաջողության համար անչափ կարևոր է տնտեսական զարգացումը Երևանից դուրս՝ մարզերում: <Միացյալ Նահանգները Հայաստանի մարզերի զարգացմանն աջակցում է օժանդակության ծրագրերի միջոցով: Հայ գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող այս ծրագրերն օգնում են երկրի կայացմանը՝ որպես ինքնիշխան ու ժողովրդավար պետություն:
1992թ. ի վեր Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ մարդկանց կենսամակարդակի բարելավման և ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման ջանքերին աջակցելու նպատակով: 2018թ. Միացյալ Նահանգների կողմից հատկացվել է 26.7 միլիոն ԱՄՆ դոլար: Սակայն սա չի ներկայացնում ամբողջական պատկերը, քանի որ մեր աջակցության ծրագրերից շատերը բազմամյա ծրագրեր են: Այս պահին Հայաստանում ունեցած մեր ակտիվ դրամաշնորհների ու պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 66 միլիոն ԱՄՆ դոլար: Այս թվերը նշելուց հետո կուզենայի պարզաբանել, թե ինչ է արվում այդ միջոցներով: Նպատակը Հայաստանի կողմից առաջնորդվող բարեփոխումների ու նախաձեռնությունների միջոցով առավել մասնակցային, բարեկեցիկ և լավ կառավարվող հասարակության ձևավորումն է: Այս աջակցության 50 տոկոսն իրականացվում է ՀՀ կառավարության և տեղական կազմակերպությունների միջոցով: Այս ռազմավարության շնորհիվ ծրագրերը ծախսային առումով առավել արդյունավետ են, ավելի կայուն և ավելի նպատակային տեղի բնակչության համար, քանի որ դրանց սկիզբը դրվում է տեղում: Այս աջակցության արդյունքը չի սահմանափակվում է միայն ծրագրերի ուղղակի շահառուներով. Դրանք կատալիզատոր են հանդիսանում հավելյալ ներդրումների համար՝ խթանելով ներառական ու կայուն տնտեսական զարգացումը և ստեղծելով առավել պայծառ ապագա Հայաստանի ժողովրդի համար:
Օրինակ՝ վերջերս առիթ ունեցա մասնակցել ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղի տնտեսական զարգացում. Նոր տնտեսական հնարավորություններե ծրագրի մեկնարկին, որը կաջակցի Հայաստանի կարևորագույն նշանակություն ունեցող գյուղատնտեսական ոլորտին՝ օգնելով գյուղական բնակավայրերում գործող բիզնեսի աշխատանքի բարելավմանը և նրանց կողմից որակի ստանդարտների ապահովմանը: Ծրագիրն առաջիկա 5 տարիների ընթացքում կաջակցի Հայաստանի առնվազն 60 գյուղական բնակավայրերում գործող ամենաքիչը 100 բիզնեսի՝ ստեղծելով տնտեսական հնարավորություններ Հայաստանով մեկ: Սա մեր երկկողմ հարաբերությունների բազմաթիվ դրական արդյունքներից մեկն է միայն>,- ասել է դեսպանը: