Արմինֆո.Գազպրոմի դուստր "Գազպրոմ Արմենիա" ընկերությունը մինչև 150 մլն դոլարի սինդիկատավորված վարկ կներգրավի "Սովկոմբանկից": Այդ մասին հաղորդել է բանկի մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ վարկի տրամադրման մասին համաձայնագիրն ստորագրվել է նախօրեին: Այն նախատեսում է վարկային միջոցներն ուղղորդել համակորպորատիվ նպատակների, այդ թվում՝ "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ ընթացիկ վարկերի վերաֆինանսավորմանը: Տրամադրվող վարկն ընկերությանը թույլ կտա նվազեցնել պարտքային ծանրաբեռնվածությունը և միջոցներ ուղղորդել հեռանկարային ուղղությունների իրականացմանը:
"Մենք ուրախ ենք Հայաստանի Հանրապետության խոշորագույն ընկերություններից մեկի հետ համագործակցության մեկնարկի համար ", - նշել է "Սովկոմբանկի" վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ-ներդրումային դիվիզիոնի ղեկավար Միխայիլ Ավտուխովը: Նրա խոսքով, սկիզբ է դրվել երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության համար, եւ բանկը պատրաստ է դառնալ "Գազպրոմ" ԲԲԸ ողջ խմբի հուսալի ֆինանսական գործընկերը:
"Գազպրոմ Արմենիան" այսօր առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի տնտեսությունում և երկար տարիներ ունի հուսալի գործընկերոջ բարձր հեղինակություն", - իր հերթին նշել է վարչության նախագահ, ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նրա խոսքով, "Սովկոմբանկ" ԲԲԸ-ի հետ համագործակցության սկիզբը արժանի է բարձր գնահատականի: "Մեր գործընկերների որակյալ, պրոֆեսիոնալ և լավ կազմակերպված աշխատանքը թույլ տվեց կարճ ժամկետում ստորագրել այդ վարկային համաձայնագիրը։ Վստահ եմ, որ "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն և "Սովկոմբանկ" ՓԲԸ-ն համագործակցության ընդլայնման հեռանկարներ ունեն։ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա հոկտեմբերին հաստատել Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեման, ինչը նախադրյալներ կստեղծի "Սովկոմբանկ" ԲԲԸ - ի հետ արդյունավետ գործընկերության հետագա խորացման համար", - ընդգծել է"Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Հրանտ Թադևոսյանը հայտնել էր, որ մինչև
2030 թվականը Հայաստանի գազափոխադրման համակարգի արդիականացման համար կներդրվի 480 մլն դոլար: Նրա խոսքով՝ ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվում է գազափոխադրման ողջ համակարգի արդիականացում։ Մասնավորապես, նախատեսվում է կառուցել շուրջ 40 կմ նոր մայրուղային գազատարներ, իրականացնել 700 կմ գազատարների և 650 կմ մայրուղային գազատարերի կոսմետիկ վերանորոգում։ Բացի այդ, նախատեսվում է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանում վերականգնել 7 հոր: Այսպիսով, ինչպես նշել էր Թադեւոսյանը, վթարների դեպքում կապահովվի բնական գազի անխափան մատակարարումը սպառողներին մինչեւ 30 օր ժամկետով: