Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը: Այն մշակել է Պետական եկամուտների կոմիտեն:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մանրամասն ներկայացրել է նախագծով առաջարկվող քայլերն ու նպատակները: Նրա խոսքով, առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար արտահանման և ներմուծման գործընթացների կարգավորման նպատակով տարբեր գերատեսչությունների գործառույթները ներառել «մեկ պատուհանե սկզբունքի ներքո: Ըստ Անանյանի, դա կնպաստի ընթացակարգերի դյուրացմանը, մատուցվող ծառայությունների պարզեցմանը: Նախագծի նպատակներն են՝ ԱՏԳ ձևակերպումների իրականացման ապակենտրոնացումը, ՀՀ տարածքում մաքսային ձևակերպումներ իրականացնող կետերի ծանրաբեռնվածության համահարթեցումը, բոլոր տնտեսվարողների համար ստանդարտացված գործելակերպի, սակագների և ընթացակարգերի կիրառումը, «Մեկ կանգառ, մեկ պատուհանե սկզբունքի հիման վրա ընթացակարգերի ներդրումն ու ծառայությունների մատուցումը, տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և այլն:
Ներկայացված նախագծի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են առաջարկություններ ու դիտարկումներ:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում նախագիծը լրացուցիչ քննարկել շահագրգիռ գերատեսչությունների, փորձագիտական շրջանակների ու բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ նրանց դիտարկումներն ու առաջարկները լսելու և ընդհանուր մոտեցումների գալու նպատակով:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |