Արմինֆո. Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Միխայել Էստերլի (Michael Esterl) հետ:
Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ Միխայել Էստերլը կարևորվել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման, տնտեսական կապերի աշխուժացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Միխայել Էստերլը, հակիրճ ներկայացնելով Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության գործառույթների շրջանակը, ավստրիական կողմի պատրաստակամությունն է հայտնել խորացնելու Հայաստանի հետ համագործակցությունը թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպան Արմեն Պապիկյանը կարևորել է համակարգված և ակտիվ աշխատանքների իրականացումը՝ ուղղված երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ներդրումների ներգրավման, ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ կարևորելով ավստրիական բիզնեսի ներկայությունը Հայաստանում: Դեսպանը համառոտ ներկայացրել է նաև Հայաստանի բիզնես գրավչության մանրամասները։ Այս առումով դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, միաժամանակ օգտվում է ԵՄ-ի հետ GSP+ առևտրային ռեժիմից։ Ավելին՝ հայ-իրանական սահմանին գործում է ազատ տնտեսական գոտի, ինչը Հայաստանն էլ ավելի գրավիչ է դարձնում օտարերկրյա ներդրողների համար:
Երկկողմ տնտեսական օրակարգի ձևավորման նպատակով, երկուստեք կարևորվել է Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև պաշտոնական մակարդակով երկկողմ շփումները:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |