Արմինֆո.Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե:
Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի տեղեկատվական համակարգերի մշտադիտարկման սկզբունքները, ինչպես նաև՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սերվերային կենտրոնն ու ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան պորտալում գործող համակարգերը:
«Մերկատոր» ծրագիրն ուղղված է Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացմանը, իսկ դիագնոստիկ առաքելության արդյունքում կուղենշվեն այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը:
ՀՄԿ փորձագետները տպավորվել են վերջին 10 տարվա ընթացքում ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից: «Առևտրի դյուրացման համաձայնագրի բազմաթիվ պահանջներ արդեն կատարվել են, ինչը զարմացրել է մեզ: Բիզնես հանրության հետ առավել թափանցիկ աշխատելու համար կարևորվում է սահմանային մյուս գործընկերների ներգրավվածությունը, ինչը Հայաստանին կրկին հաջողվել է: Կարծում ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում մեր առաջարկությունները հիմք կհանդիսանան անհրաժեշտ գործընթացների ներդրմանը՝ նպաստելով ՀՀ-ում առևտրի դյուրացմանը»,-նշել է Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով փորձագետների առաջարկությունները դառնալու են 5-10 տարիների համար ՊԵԿ ռազմավարության անբաժանելի մասը: «Շատ ոգևորված ենք, որ Առևտրի դյուրացման համաձայնագրի գրեթե բոլոր կետերի մասով գործողություններ են արվել, մասնավորպես՝ ռիսկերի կառավարման, էլեկտրոնային համակարգերի, մեկ կանգառ մեկ պատուհանի, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղություններով: Խնդրել ենք փորձագետներին առավել մանրամասն վերլուծել ՊԵԿ-ի և ՀՀ այլ գերատեսչությունների համագործակցությունը, որպեսզի առևտրի դյուրացման և ԱՏԳ բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերն առավել արդյունավետ ընթացք ունենան»,-նշել է Մ. Փաշայանը:
Ի դեպ, ծրագրի շրջանակում կցուցաբերվի տեխնիկական աջակցություն, կիրականցվեն համաձայնագրով նախատեսված բարեփոխումներ: Նախատեսվում է կրճատել սահմանին մաքսային ձևակերպումների ժամանակահատվածն և ծախսերը, արդյունավետ համագործակցություն հաստատել Պետական եկամուտների կոմիտեի, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և դոնոր կազմակերպությունների միջև: Ուսումնասիրվելու են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության գործիքները, նախաձեռնությունները, չափանիշներն ու միջազգային լավագույն փորձը: