Արմինֆո. Corporacion America-ն պատրաստ է սկսել վերանորոգման աշխատանքները Գյումրիի "Շիրակ" օդանավակայանում։ Այd մասին հունիսի 4-ին "Կորպորասիոն Ամերիկա" օդանավակայանների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն, միջազգային օդանավակայանների խորհրդի նախագահ Մարտին Էռնեկյանը։
Էռնեկյանի խոսքով ՝ այսօր խորհրդատվություններ են ընթանում ճարտարապետների հետ, եւ արդեն մի շարք հարցերի համաձայնեցումից հետո ընկերությունը պատրաստ կլինի սկսել Գյումրիի օդանավակայանի վերանորոգումը: Անդրադառնալով Երևանի "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքի հարցին՝ Մարտին Էռնեկյանը վստահեցրել է, որ իրենք տեղյակ են այդ եզակի ճարտարապետական կառույցի մշակութային արժեքի մասին և ամեն ինչ անելու են այն պահպանելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ նախկին շենքի ճակատագրին, որը նույնպես ընկերության սեփականությունն է, ապա, ըստ Էռնեկյանի, ցանկություն կա իրականացնելու այնպիսի ծրագիր, որը կարևոր կլինի ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլև արժեք ունենա հենց քաղաքի համար: Ընդհանուր առմամբ, Մարտին Էռնեկյանը գոհ է ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակից։ Ընկերության գործադիր տնօրենը վստահեցրել է, որ Հայաստանում լուրջ խնդիրների չի բախվում։ "Ուրախ ենք նոր իշխանությունների հետ սերտ համագործակցության համար։ Աշխատելու ենք մի շարք ծրագրերի վերանայման ուղղությամբ եւ համագործակցելու ենք նոր ներդրումային նախագծերի մշակման ուղղությամբ", - ընդգծել Է Մարտին Էռնեկյանը։
Corporacion America, արգենտինական հոլդինգային ընկերություն է, որը տիրապետում է մի շարք վերականգնվող էներգետիկայի ակտիվների, այդ թվում ՝ հողմային էլեկտրակայանների Լատինական Ամերիկայում։ Ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին։ Հայաստանում ընկերության գործունեությունն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ավիացիան ("Զվարթնոց" միջազգային օդանավակայանի եւ Գյումրիի "Շիրակ" օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը), գյուղատնտեսությունը ("Կարաս Վայնս" գինու գործարանը եւ խաղողի այգիները) եւ բանկային հատվածը (խոշոր առեւտրային բանկերից մեկի ' Կոնվերս Բանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը): CA-ն կառավարում է նաեւ ազգային փոստային օպերատոր ("Հայփոստ"):