Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության հիմնական երկու ուղղություններին՝ բյուջետային աջակցության ծրագրերին և նպատակային վարկերին, ինչպես նաև պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը:
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ ներկայումս ՀՀ-ում ներդրված հարկաբյուջետային կանոնները հնարավորություն են ընձեռում կառավարել ռիսկերը, ինչպես նաև խթանել տնտեսության զարգացումը: Նախարարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի դերը ՀՀ տնտեսական կայունության ապահովման և ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման գործընթացում:
Շիխին Չենի խոսքով՝ Հայաստանի ներկայիս հարկաբյուջետային իրավիճակի բարելավումը տպավորիչ է, և ԱԶԲ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին առաջիկա բարեփոխումների շրջանակներում: Նա հույս է հայտնել, որ ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև նման համագործակցությունը օրինակելի մոդել կլինի նաև այլ երկրների համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ կառավարության կողմից իրականցավող պարտքի կայունացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և այլ առաջնահերթությունների վերաբերող հարցեր:
Հայաստանը ԱԶԲ-ին միացել է 2005 թվականին եւ մտնում է խառը (արտոնյալ եւ սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբի մեջ: ԱԶԲ-ն զբաղվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման հարցերով ՝ տնտեսական աճի խթանման եւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաև աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջև տրանսպորտային կապերի ամրապնդման գործում: Բանկի կայքում հրապարակված վիճակագրության համաձայն, 2017 թվականի վերջին ԱԶԲ-ն Հայաստանում իրականացրել է 1.32 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ 52 նախագիծ, որոնցից 635 մլն - ն ուղղված է եղել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, 172 մլն՝ քաղաքային ենթակառուցվածքներին եւ ջրամատակարարմանը, 152 մլն՝ ֆինանսների ոլորտին, 142 մլն՝ էներգետիկային, 140 մլն՝ վարչական կառավարման ոլորտին: