Արմինֆո. ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո բյուջեով ԵՄ ծրագիրը, որը նպատակաուղղված է Շիրակում, Լոռիում եւ Տավուշում զբոսաշրջության զարգացմանը, հնարավոր է, գործարկվի արդեն 2019 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Այդ մասին հունիսի 16-ին Աշոցքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նրա ասելով, ԵՄ-ն արդեն բանակցություններ է սկսել Շիրակի մարզպետի հետ ՝ այդ միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ։ "Կես միլիոն եվրոն վերապահված է ձմեռային մարզաձեւերի կենտրոնի համար, եւ ես հույս ունեմ, որ այդ կենտրոնը կտեղակայվի այդ շրջանում՝ Շիրակի հյուսիսում, եւ կամրապնդի Աշոցքի դերը Հայաստանում ձմեռային մարզաձեւերի զարգացման գործում", - հայտարարել Է դիվանագետը:
Բացի այդ, փոքր բիզնեսին ևս հնարավորություն կընձեռվի օգտվել ծրագրից։ Նրանք կարող են փոքր դրամաշնորհներ ստանալ զբոսաշրջության խթանման համար։ "Իհարկե, մի քանի տարի կպահանջվի, որպեսզի արդյունքներն ակնհայտ դառնան։ Բայց մենք պետք է համբերություն ցուցաբերենք։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում համաձայնագիր կկնքենք մեր գործընկեր կազմակերպության ՝ Գերմանիայի զարգացման գործակալության հետ։ Հուսով եմ, որ հիմնական աշխատանքները կսկսվեն աշնանը", - ընդգծել է դեսպան Սվիտալսկին։
Ինչպես նշել է դիվանագետը, ներկայումս Եվրոպական միությունը Հայաստանի կառավարության հետ քննարկում է նաեւ համայնքների աջակցության ծրագիրը, որը կոչվում է "Լիդեր": Պյոտր Սվիտալսկին չի բացահայտել այդ նախագծի մանրամասները, քանի որ այն գտնվում է ՀՀ կառավարության հետ քննարկման փուլում։ Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ցանկանում է ուղղակի միջոցներ ուղղորդել տեղի համայնքներին, գյուղերին եւ քաղաքներին: "Հայաստանում գտնվելու առաջին օրվանից դա ինձ համար առաջնահերթություն է դարձել. նախագծերի իրականացումը կենտրոնացնել Երեւանից դուրս, մարզերում եւ տեղական համայնքներում։ Ես արել եմ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է, եւ հույս ունեմ, որ այդ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի", - հավաստիացրել է դեսպանը։