Արմինֆո. Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, «Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:
Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է ունեցել «Լեոնարդո» -ի գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
Պաշտպանության և անվտանգության ոլորտների սարքավորումների արտադրության ու աերոտիեզերական արդյունաբերության մեջ մասնագիտացած «Լեոնարդո» ընկերությունն իր արտադրությունում լայնորեն կիրառում է բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղության զարգացմանը:
Նախագահ Սարգսյանն ընկերության ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |