Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է ֆրանսիական տեխնոլոգիական առաջատար «THALES Group» ընկերության տաղավար։ Ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին ներկայացրել են ցուցադրվող արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն այնուհետև հանդիպել է «THALES Group» ընկերության նախագահ Պատրիս Քեյնի և ընկերության ղեկավար կազմի հետ:
Պատրիս Քեյնը ողջունել է նախագահ Սարգսյանի այցը միջազգային ավիացիոն ցուցահանդես և ներկայացրել այն նորույթները, որոնցով ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում ծառայություններ մատուցող իրենց ընկերությունը ներկայանում է հեղինակավոր ավիասալոնում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ընկերության ներկայացուցիչների՝ վերջերս Հայաստան կատարած այցին և հնարավոր համագործակցության ուղղություններին: Նշվել է, որ այցից հետո պատրաստվել է փոխգործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծելու աշխատանքային խմբեր՝ ուսումնասիրելու համագործակցության կոնկրետ ուղղությունները: Առաջիկայում տեղի կունենա «THALES Group»-ի ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |