Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտային ոլորտի մասնագիտական խմբի պատվիրակությանը։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի ու Համաշխարհային բանկի երկարամյա և արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով բանկի հետ հարաբերությունների դինամիկ զարգացման և որակապես նոր հանգրվան տեղափոխելու հայկական կողմի շահագրգռվածությունը։ Նախարարը միաժամանակ հարկ է համարել նշել, որ բանկի հետ համատեղ իրականացված և ընթացքի մեջ գտնվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը Հայաստանի տնտեսական զարգացման և ենթակառուցվածքային արդիականացման համար կարևոր նախադրյալներ է ստեղծում։
ՀԲ-ի տրանսպորտի մասնագետ Նարգիզ Ռիսկուլովան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ գործընկերային ու արգասաբեր համագործակցությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերի միջոցով զարգացման նոր դրսևորումներ կստանա։ Նարգիզ Ռիսկուլովան նաև ուրախությամբ հայտնել է, որ ՀԲ-ի տնօրենների խորհուրդը ս․թ․ մայիսին հաստատել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ 13,4 մլն եվրո ֆինանսավորումը, որով նախատեսվում է վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերում։
Նկատենք, որ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի առաջին փուլով նախատեսված 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհ արդեն վերականգնվել է։ Ավելին՝ ծրագրի տնտեսումների հաշվին հնարավոր է եղել վերականգնել ծրագրով նախատեսվածից ավելին՝ լրացուցիչ 41,1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ։ Ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 360 կմ ընդհանուր երկարությամբ (ներառյալ հիմնական ծրագրի 170կմ-ը) կենսական նշանակության ճանապարհահատվածներ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Համաշխարհային բանկը <Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման> ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի լրացուցիչ ֆինանսավորում ՝ 13,4 մլն եվրո վարկի տեսքով: ՀՀ կառավարությունը մայիսի 2 - ի նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ համաձայնագրի նախագծին։ Մարտի 28-ին Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. <Երկրի գործընկերության շրջանակին> (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար: