Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիաե ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։
Նախարար Պապիկյանը կարևորել է Հայաստանի ջրամատակարարման կազմակերպման ոլորտում «Վեոլիաե ընկերության ծավալած երկարամյա գործունեությունը և ընդգծել հավատարմագրային համաձայնագրի շրջանակներում համակարգի արդիականացմանն ուղղված երկկողմ համագործակցության հիմքերը խորացնելու փոխադարձ շահագրգռվածությունը։
Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանը հյուրի հետ քննարկել է ջրամատակարարման արդյունավետության բարձրացման և կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային նախագծերին, կատարողական ցուցանիշներին, սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման և վերամեկնարկման հնարավորություններին։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր 2018 թվականին Երևանում մաքուր խմելու ջրի օգտագործման ոլորտում շուրջ 81 մլն դոլար ներդնելու ֆրանսիական ընկերության մտադրության մասին: Բացի այդ, նախատեսվում էր ավարտել Հաղթանակ և Սիլիկյան շրջանների տներում անխափան ջրամատակարարում ապահովելու 3 մլրդ դրամի ծրագիրը: 81 մլն դոլար արժողությամբ ծրագրի շրջանակում նախատեսվում էր լուծել երկրի մի շարք համայնքների ջրամատակարարման հարցը, որոնք մինչ այդ դուրս են մնացել ջրամատակարարման համակարգի օպերատորների ծածկույթի գոտուց (այսօր դրանք 560 են – խմբ.):
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին ստորագրվել էր վարձակալության պայմանագիր, որի շրջանակում ֆրանսիական ընկերությունը դարձել է Հայաստանի խմելու ջրի մատակարարման միասնական օպերատոր: Veolia Enviroment SA ջրային ծառայությունների խոշոր մատակարարը գործում է 66 երկրներում: Ըստ ստորագրված համաձայնագրի, «Վեոլիա ջուրը՚ Հայաստանում գործունեության ընթացքում պետությանը պետք է վճարի, ընդհանուր առմամբ, շուրջ 89,5 մլրդ դրամ (տարեկան ավելի քան 6 մլրդ դրամ), միևնույն ժամանակ, նախատեսվում է ընկերության աշխատանքների 37.5 մլրդ դրամի ծավալ: Ընդ որում, պետությունն իր կողմից կիրականացնի 200 մլն դոլարի ներդրումներ: