Արմինֆո. Հայաստանի ընթացիկ բավականին պատկառելի արտաքին պարտքը պայմանավորված է, առաջին հերթին, երկրի կառավարման համակարգը տասնամյակներ շարունակ քայքայող կոռուպցիայով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Ըստ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի, հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 6 934,0 մլն դոլար, որից 4 930,9 մլն դոլար արտաքին պարտքն է: Այսպիսով, 2015 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի արտաքին պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2,1 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում հանրապետության արտաքին պարտքն աճել է 1,9 մլրդ դոլարից մինչեւ 6 934 մլրդ դոլար:
Խաչատրյանը գնահատում է երկրի արտաքին պարտքի նվազեցմանն ուղղված դրական միտումները՝ կառավարության կողմից պետական միջոցների հասցեական օգտագործման բարձրացմանը նպատակաուղղված միջոցառումների լույսի ներքո, օրինակ, ճանապարհաշինության մեջ։ Նրա գնահատմամբ՝ նման նախագծերն այսօր իրականացվում են շատ ավելի արդյունավետությամբ և նվիրվածությամբ, քան նախորդ տարիներին։ Ավելին, նրա կարծիքով, ճանապարհների շինարարությունն է երկար տարիներ եղել նույնիսկ ամենաբարձր մակարդակի գող պաշտոնյաների հիմնական կերակրատաշտը։
"Սկզբունքորեն ոչ ոք դեմ չէ տնտեսության զարգացման նպատակով վարկային միջոցների ներգրավմանը։ Դա անում են նույնիսկ ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրները։ Ամբողջ հարցն այն է, թե ինչպես են դրանք օգտագործվում: Առաջին հերթին, պետք է պարզել վարկային ներարկումների ուղղությունները, թե՝ որքան արդյունավետ են օգտագործվում այդ միջոցները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք երկար տարիներ, գործնականում, չենք լսել", - ընդգծել է տնտեսագետը։
Նշենք, որ բյուջետային միջոցների "փոշիացման" ամենաարդյունավետ ուղղություններից մեկը ճանապարհաշինությունն է։ Մասնավորապես, մեկնարկած, բայց այդպես էլ անավարտ մնացած "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղու կառուցման նախագիծը, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի՝ "Հյուսիս-Հարավ" մայրուղու կառուցման համար ներգրավվել է 550 մլն դոլար, որից արդեն իրականացվել է 200 մլն:
Սեպտեմբերի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել է այդ մայրուղու կառուցման նախագծի մշակման և իրականացման ընթացքում ակնհայտ չարաշահումների փաստերով հարուցված քրեական գործի քննության շրջանակներում երեք անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Ուշագրավ է, որ դրանցից մեկը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանն է։ Խոսքը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահումներին եւ 250 մլն ԱՄՆ դոլար արժողության ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում ունեցած ազդեցությանը: