Արմինֆո. Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած <ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորև նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ. 1. Բացառապես դատարանի պատճառաբանված և հիմնավորված որոշմամբ, 2. Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում, 3. Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ, 4. Գլխավոր դատախազի կամ վերջինիս տեղեկալի կողմից հաստատված միջնորդությամբ, 5. Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար:
<Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել և մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը, իսկ նախատեսվող կարգավորումը գործող կարգավորման համեմատությամբ մեղմացում չէ։ Կենտրոնական բանկը հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման, ինչպես նաև երկրում ֆինանսական կայունության ապահովման գործում>,- նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի նիստում կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նշել է, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը: Նրա խոսքով՝ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է տալիս ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը: Մասնավորապես, քրեական դատավարության օրենսդրության հիման վրա ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ, ինչը բազմիցս քննադատվել է միջազգային կառույցների կողմից և բարձրաձայնվել իրավապահ մարմինների կողմից՝ որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործություններով գործերի քննության համար: Դա պայմանավորված է նրանով, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործերի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում որոշման նախագծով ներկայացված հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը կվերացվի, և առանձին դեպքերում կստեղծվի հնարավորություն՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Միաժամանակ, նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ, մասնավորապես, հանցագործությունների սպառիչ ցանկ, որոնցով հարուցված գործերով միայն կարող են իրականացվել որոշակի իրավապահ գործողություններ: Միաժամանակ չեն ստեղծվի անհամաչափ կամ անհաղթահարելի սահմանափակումներ հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտմանն ուղղված գործունեության ընթացքում: